ԱԺ-ն քննարկում է Սեւանա լճից հավելյալ ջուր վերցնելու մասին հարցը
“Այս տարին սաակավաջուր տարի էր: Սևան-հրազդանյան համակարգի երկու խոշորագույն` Ազատի և Ապարանի ջրամբարները դեֆիցիտ ունեն: Դեֆիցիտի ծածկման միակ աղբյուրը Սևանա լիճն է”,- ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը խորհրդարանում այսպես բացատրեց Սևանա լճի մասին” եւ ՛՛Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին՛՛ ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը: Ըստ այդմ, նախատեսվում է 40 հազար հա հողատարածքի ոռոգման նպատակով Սեւանա լճից 150 խմ ջուր վերցնել :
Անդրանիկ Անդեասյանի խոսքով, անցած տարի Սևանա լճից բացթողումները սկսվել են հունիսի 21-ից: Մինչ օրս արդեն 100 խորանարդ մետր ջրառ է կատարվել:
Օրինագծի քննարկմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագիծը հակասում է եղած օրենքի տրամաբանությանը եւ հետաքրքրվեց, թե արդյունքում որքան է իջնելու Սևանա լճի մակարդակը: Զեկուցողը նշեց, որ խոսքն ընդամենը 11-12սմ-ի մասին է: “Սևանը շնչող և աշխատող օրգանիզմ է ,տարեկան 50-60 սմ բարձրանում և իջնում է, ուստի նախատեսվող ջրբացթողումը որևէ վտանգ չի ներկայացնում, հողեր չեն ազատվելու”,-ասաց Անդրանիկ Անդրեասյանն ու հավելեց, թե այսօր ունենք այն, ինչ ունենք, բնությունն իր չար գործն արեց:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Անդրանիկ Անդրեասյանի վերջին մտքին արձագանքեց տեղից ռեպլիկով.”Նույնիսկ բնությունն է երես թեքել այս կառավարությունից”։ Նախագծերի քննարկումը շարունակվում է: