Ինչ է ուզում Ռուսաստանը Հայաստանից. «Հավաստի աղբյուրը» շարունակում է բացահայտումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ փոխկապակցված «Հայկական ժամանակ» օրաթերթի armtimes.com կայքն այսօր «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ «Ինչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների և փորձագիտական հանրության» վերտառությամբ հրապարակում է արել․
«Մեր տարածաշրջանում Ռուսաստանի ցանկությունները տեղավորվում են նրա գլոբալ ցանկությունների շղթայի մեջ և Հայաստանն ու Ղարաբաղը նրա այդ ցանկությունների շղթայի մի օղակն են։
ՌԴ-Վրաստան-Թուրքիա երթուղին նոր ցամաքային հոսքերի խնդիրը չէր լուծի․ Աբխազիայի և Հարավային Օսիայի կոնֆլիկտների պատճառով դրանցով անցնող ճանապարհները չէին բացվելու։ Իսկ Վերին Լարսը դեռ մինչև ուկրաինական կոնֆլիկտը աշխատում էր ծանրաբեռնված։
Եվ հետևաբար՝ այս հարցի արդյունավետ լուծման միջոցը Հայաստան-Ադրբեջան առանցքի օգտագործումն էր լինելու։
Այս է պատճառը, որ ԼՂ հարցի Լավրովյան պլանը նախատեսում էր հարավային շրջանների հանձնում Ադրբեջանին, որ Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու և ավտոճանապարհների երթուղին ազատվեր խոչընդոտներից։
Այս իմաստով՝ չնայած հրապարակային հայտարարություններին, Ռուսաստանը ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուն է, որովհետև թե Ադրբեջանը, թե Թուրքիան, թե Ռուսաստանն ուզում են, որ ՀՀ տարածքով լինի միջանցք՝ ՌԴ վերահսկողության ներքո։ Էականը վերջին գործոնն է, որովհետև ավտոճանապարհ Իրանի տարածքով էլ կա։ Երկաթուղի՝ Իրանով էլ կարելի է կառուցել։
Ուկրաինայում գործերի ոչ այնքան հաջող ընթացքը ըստ էության ավելի է սրել 2011-ից հետո հաստատված այն վիճակը, որ Ռուսաստանը դժվարանում է հիմա արդեն 2020 թվականից հետո հաստատված ստատուս քվոյի երաշխավորը լինել․ Խծաբերդն ու Փառուխը դրա վառ վկայությունն են։
Թուրքիայի և Ադրբեջանի դերը ավելի է մեծացել և հիմա Ադրբեջանը կարող է դառնալ ՌԴ-ից ԵՄ գազի և նավթի արտահանման հարթակ»։
Հիշեցնենք՝ նախօրեին «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով սեփական աղբյուրներին՝ գրել էր, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ։