16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Երեւան-Մարսել համագործակցությունը 20 տարեկան է

Երեւանի եւ Մարսելի միջեւ ստորագրված բարեկամության եւ համագործակցության համաձայնագրի 20 ամյակի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Մարսել քաղաք:  Այցի առաջին օրը` հունիսի 21–ին, -ինչպես  Henaran.am-ին տեղեկացնում Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,Տարոն Մարգարյանը հանդիպել է իր գործընկերոջ` Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ:

Ողջունելով Երեւանի քաղաքապետին եւ նրան ուղեցկող պատվիրակության անդամներին, Ժան-Կլոդ Գոդենը նշել է, որ երկու քաղաքների միջեւ ձեւավորված բարեկամության ակուքները շատ ավելի խորը արմատներ ունեն, քան անցած 20 տարիները: Երեւանի եւ Մարսելի համագործակցությունը դիտարկելով հայ-ֆրանսիական ներկայիս ամուր եւ ջերմ հարաբերությունների համապատկերում, Մարսելի քաղաքապետն ընդգծել է, որ երկու քաղաքների համագործակցությունը այդ տեսանկյունից եւս պետք է լինի համարժեք եւ համակողմանիորեն ընդգրկուն: ՛՛Վստահեցնում եմ Ձեզ պարոն քաղաքապետ, որ մենք իսկապես բարձր ենք գնահատում մեր քաղաքների միջեւ հաստատված բարեկամությունն ու համագործակցությունը եւ կշարունակենք քայլեր ձեռնարկել, որպեսզի այն էլ ավելի ամրապնդվի եւ նորանոր հաջողություններ արձանագրի՛՛- նշել է Ժան-Կլոդ Գոդենը:

Շնորհակալություն հայտնելով պաշտոնական հրավերի եւ ջերմ ընդունելության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարեւորել է Մարսելի քաղաքապետի կողմից Հայաստանին եւ հայությանն առնչվող հարցերի նկատմամբ մշտապես ցուցաբերվող գործնական հետաքրքրությունը: ՛՛ Մարսելի եւ Երեւանի 20-ամյա  համագործակցությունը եւս մեկ վկայությունն է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության եւ, եթե հաշվի առնենք նաեւ ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայերի համար Մարսելի երկրորդ հայրենիք դառնալու հանգամանքը, ապա վստահաբար կարող ենք ասել, որ Մարսելն իրապես մեծ դերակատարում ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնաման ու ամրապնդման գործում՛՛,-ընդգծել է Երեւանի քաղաքապետը:

Անդրադառնալով Երեւանի եւ Մարսելի համագործակցության ուղղություններին ու համատեղ իրականացվող ծրագրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու քաղաքների միջեւ գործակցության առկա ներուժին  եւ զարգացման հեռանկարներին համահունչ՝  ցանկալի է վերանայել համագործակցության համաձայնագիրը. ՛՛Այդպիսով մենք կհստակեցնենք փոխգործակցության առաջնահերթություններն ու վստահաբար կապահովենք երկուստեք փոխշահավետ արդյունքներ՛՛,- ընդգծել է Տարոն Մարգարյանը` առաջարկելով ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կուսումնասիրեն համագործակցության բոլոր առաջարկները:

Երեւանի քաղաքապետը Ժան-Կլոդ Գոդենին առաջարկել է նաեւ Մարսելի քաղաքապետարանի աջակցությամբ ֆրանսիացի գործարարներին ներկայացնել Երեւանի ներդրումային դաշտը եւ առաջարկել նրանց փոխշահավետ ներդրումային ծրագրեր իրականացնել Երեւանում։

Նույն օրը Երեւանի քաղաքապետը հանդիպում է ունեցել ֆրանս–հայկական առեւտրաարդյունաբերական պալատի եւ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացնելով Երեւանում ներդրումային հնարավորություններն ու բարենպաստ միջավայրը, Տարոն Մարգարյանը նշել է. ՛՛Երեւանի քաղաքապետարանը որդեգրել է շատ կարեւոր մի սկզբունք, ըստ որի մենք բաց ու պատրաստակամ ենք քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի Երեւանի զարգացմանը: Հաշվի առնելով, որ Երեւանի եւ Մարսելի  փոխգործակցությունը զարգացման ու ընդլայնման բավականաչափ ներուժ ունի, վստահ եմ, որ դուք էլ ավելի ակտիվ մասնակցություն կարող եք ունենալ Երեւանի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերում՛՛,- ընդգծել է քաղաքապետը։

Հանդիպմանը ներկա  ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդու` Պատրիկ Մալաքյանի հետ զրույցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է նաեւ, որ ներկայում քննարկվում է Երեւանում մեծ կինոռեժիսորի անունով փողոց անվանակոչելու հարցը: Իր եւ ողջ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար, Պատրիկ Մալաքյանը նշել է, որ դա իսկապես մեծ պատիվ է իրենց համար եւ վստահեցրել է, որ իր հնարավորության սահմաններում աջակցել Երեւանում իրականացվող ծրագրերին։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ