Պատասխան Լ.Մելքումյանի ՛՛Բաց նամակ Սերժ Սարգսյանին, կամ կդառնա՞նք արդյոք պետություն՛՛ հոդվածին
Երեք տարուց ավելի է, ինչ “մեծ գիտնական”,նեղ շրջանակներում հայտնի Լյուդվիգ Մելքումյանն անհանգստացնում է ինձ բոլոր հնարավոր ու անհնար ատյաններին ուղարկած իր ՛՛բաց նամակներով՛՛: Այդ ցուցակը բավականին տպավորիչ է՝
1. ՀՀ Նախագահ,
2. ՀՀ Վարչապետ
3. ՀՀ Ազգային ժողով,
4. ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայություն,
5. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա,
6. ՀՀ Գլխավոր դատախազ,
7. Երեւանի պետական համալսարանի ռեկտոր
Այս ցուցակում են նաեւ բազմաթիվ թերթեր եւ էլեկտրոնային լրատվամիջոցներ:
Սակայն նա շարունակում է բողոքել. ամենուր նրան ընդունում են, լսում, հնարավորություն տալիս արտահայտվելու: Անցկացվում են մասնագիտական խորհրդի նիստեր, ստեղծվում են համապատասխան հանձնաժողովներ, կազմվում են պատասխան նամակներ, եւ բազմաթիվ մարդիկ, թողնելով իրենց գործը, զբաղվում են ՙկրիմինալի՚ հայտնաբերմամբ այնտեղ, որտեղ այն բացակայում է եւ չի կարող լինել, փորձում են Լ.Մելքումյանին բացատրել, որ նա սխալ է: Սակայն ինչպես նշվում է Ա. Ռայկինի հայտնի մնջախաղում` доцент тупой:
Ի դեպ, նա ամենուր ներկայանում է որպես պրոֆեսոր. հետքրքիր է` ո՞վ, որտե՞ղ եւ, կարեւորը, ե՞րբ է նրան շնորհել այդ պատվավոր կոչումը:
Ավելի քան 15 տարի Լ.Մեքումյանը չի զբաղվում գիտությամբ, եթե չհաշվենք նրա ՛՛բարձրարժեք գիտական՛՛ կեղտոտ հոդվածները զանգվածային լրատվամիջոցներում եւ 1-2 թեզիսները կոնֆերանսների նյութերում:
Մինչեւ ե՞րբ պետք է ներվի Լ.Մելքումյանի չհիմնավորված, ոչ մի գիտական եւ առավել եւս տրամաբանական հիմք չունեցող հարձակումները ինձ վրա:
40 տարի աշխատում եմ Երեւանի պետական համալսարանում: 2008 թվականի ապրիլին 9-ին պաշտպանության եմ ներկայացրել շուրջ 35 տարվա իմ գիտական հետազոտությունների արդյունքները` “Հայաստանի երկկենցաղների ֆաունան եւ էկոլոգիան” թեմայով ատենախոսությունը եւ ստացել կենսաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:
Պետք է նշեմ, որ հետազոտություններն անցկացվել են արտասահմանյան եւ հայրենական հեղինակավոր գիտնականների հետ (Հ. Շնայդեր, Վ. Անդրոննիկով, Վ. Սվիժենկո եւ այլք), որոնք արտացոլված են համատեղ հրապարակումներում: Մասնավորապես, Անդրկովկասի եւ ԱՊՀ երկրների տարածքում երկկենցաղների համատեղ ուսումնասիրություններ են կատարվել 1989, 1990 թվականներին` Բոննի համալսարանի Կենդանաբանության ինստիտուտի տնօրեն Հանս Շնայդերի նախաձեռնությամբ, իսկ 1991 թվականին մեր համագործակցությունը շարունակվել է Գերմանիայում, որի մասին են վկայում գերմանական մամուլում տպագրված համապատասխան հոդվածները: Մեր համատեղ հետազոտությունների արդյունքները հրապարակվել են 6 ընդարձակ հոդվածներում, որոնցից 4-ը` Գերմանիայում:
Ատենախոսությունը նվիրված է հանրապետության բատրախոֆաունայի կարգաբանական տվյալների վերստուգմանը, էկոլոգիական-ֆաունիստական բնութագրերի մանրամասն վերլուծությանը, Հայաստանում հանդիպող երկկենցաղների ձայնային էլեկտրամագնիսական ազդանշանների տեսակային կայուն հատկանիշների առանձնացմանը, ինչպես նաեւ ստացված տվյալների հիման վրա երկկենցաղների հաշվառման եւ նույնացման երաշխավորությունների մշակմանը:
Նման ուղղվածություն ունեցող աշխատանքի համար ոչ միայն թույլատրելի, այլեւ պարտադիր է գրականության մեջ եղած տվյալների օգտագործումը, ինչն իմ կողմից արվել է: Յուրաքանչյուր տեսակին նվիրված նկարագրության մեջ ես օգտագործել եմ Ս.Լ.Կուզմինի ինֆորմացիոն տեղեկագրի նյութերը, որոնք մեջբերվել են 14 անգամ, իսկ ատենախոսության մեջ նրա ազգանունը նշված է 25 անգամ: Մելքումյանն ինձ մեղադրում է գրագողության մեջ: Սակայն հարկ է նշել, որ Ս.Լ.Կուզմինը ոչ միայն Հայաստանում չի եղել եւ բնականաբար հետազոտություններ չի անցկացրել, այլեւ իր հեղինակած ամփոփոգրում օգտագործել է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների համապատասխան մասնագետների, այդ թվում նաեւ իմ հետազոտությունների արդյունքները: Ս.Լ.Կուզմինը հստակ չի նշում, թե այս կամ այն հեղինակին որ տվյալներն են պատկանում եւ միայն գրքի վերջում բերում է մատենագիտական ցանկ, որը միանգամայն ընդունելի է:
Մասնագիտական խորհուրդը ստիպված ատենախոսությունն ուղարկեց Մոսկվա` Ս.Լ.Կուզմինին եւ ստացավ նրա պատասխանը. ՛՛Ատենախոսության մեջ կարգաբանական խնդիրների լուծման համար հիմնական ուշադրությունը դարձվել է առանձին տեսակների կենսաակուստիկական արդյունքների ուսումնասիրմանը, ինչպես նաեւ լեռնային պայմաններին տեսակների հարմարողականության վերլուծությանը ու դրանց պահպանությանը Հայաստանում:
Իմ գրքի նյութերը արտացոլված չեն ատենախոսության ոչ նորույթում եւ ոչ էլ եզրակացություններում: Գրականության ցանկում իմ գիրքը նշված է: Որպես գրքի հեղինակ` սույնով ես հավաստում եմ, որ Է.Մ.Եղիազարյանի նկատմամբ ես ոչ մի պահանջ չունեմ՛՛:
Ուրեմն Մելքումյանն ինչո՞ւ է իր վրա վերցնում Ս.Լ.Կուզմինի անվճար դատապաշտպան լինելու գործը:
Ինչ վերաբերում է 1985 թվականին ԵՊՀ գիտական տեղեկագրում հրատարակած 3,5 էջանոց այն հոդվածին, որտեղ ես համահեղինակ եմ Լ.Ս.Մելքումյանի եւ այդ ժամանակ ուսանող Ա.Գ.Հայրապետյանի հետ, պետք է նշեմ, որ Մելքումյանը ատենախոսության պաշտպանությունից առաջ գրավոր ստորագրությամբ տվել է իր համաձայնությունը` հոդվածի նյութերը ատենախոսության մեջ օգտագործելու համար: Իսկ Հայրապետյանը համաձայնություն չի տվել, քանի որ անցել էր 23 տարի, եւ տեղեկանքում նշված է նրա հասցեի անհայտ լինելը:
Մելքումյանը նշում է. “90-ից ավելի բարձրաստիճան կենսաբաններ բարձր գնահատական են տվել ատենախոսությանը”, բայց միայն ինքն է նկատել “գրագողությունը”: Սրանով նա փորձում է հակադարձել գիտական հանրությանը:
Իհարկե, Մելքումյանին մարդկայնորեն ինչ-որ տեղ կարելի է խղճալ, քանի որ նա մեկուսացված է գիտական հանրությունից: 1996 թվականի հունիսի 7-ին ՀՀ Գերագույն դատարանի կոլեգիայի կողմից քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասով նա դատապարտվեց 11 տարվա ազատազրկման` 1995 թվականին որպես հանրապետական ընդունելության քննությունների Կենսաբանություն առարկայի քննական հանձնաժողովի նախագահ առանձնապես խոշոր չափերի կաշառք (145 հազար ԱՄՆ դոլար) վերցնելու համար: Ռուսաստանի կենտրոնական հեռուստատեսության Ժամանակ ծրագրով 2 օր ցուցադրեցին նրա ձերբակալումը իր բնակարանում: Հարկ է նշել, որ Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում աշխատելու տարիներին էլ Լ.Մելքումյանը հայտնի է եղել որպես կաշառակեր:
Նման անցյալ ունեցող անձն իրեն թույլ է տալիս բաց նամակ հղել երկրի Նախագահին` հորջորջելով “Կդառնա՞նք արդյոք պետություն”:
Այժմ պատասխանեմ Լ.Մելքումյանի մի շարք հարցադրումներին:
ԲՈՀ-ը սահմանված ժամանակահատվածում է հաստատել իմ ատենախոսությունը, որից մեկ տարի անց եւ ոչ անմիջապես, ինչպես գրում է Լ.Մելքումյանը, ինձ շնորհվել է պրոֆեսորի կոչում: Զրպարտանք է նաեւ այն, որ ես 036 մասնագիտական խորհրդի անդամ եմ:
Որպես առաջատար կազմակերպություն, ատենախոսությանը համատեղ նիստում կարծիք են տվել Խ.Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի երկու ամբիոններ եւ ոչ թե մեկ ամբիոն, ինչպես գրում է Լ.Մելքումյանը: Զարմանալի է, որ այդ ամբիոններում Լ.Մելքումյանի նման գիտակ մեկը չգտնվեց:
Ատենախոսության ընդդիմախոսներ են եղել Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի պրոֆեսոր, կենս.գիտ. դոկտոր, այդ բնագավառի հայտնի մասնագետ Բ.Վասիլեւը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մ.Դավթյանը եւ ՀՀ ԳԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կենս,գիտ.դոկտոր Բ.Գաբրիելյանը:
Դրական կարծիքներ են ստացվել ՌԴ ԳԱ թղթակից-անդամ, այդ բնագավառում աշխարհահռչակ գիտնական, պրոֆեսոր Ի.Դարեւսկուց, Սանկտ-Պետերբուրգի Կենդանաբանության ինստիտուտի փոխտնօրեն, հերպետոլոգիայի եւ օրնիտոլոգիայի բաժնի վարիչ, Հերպետոլոգների եվրոպական միության նախագահ, կենս.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ն.Անանեւայից, ՌԴ ԳԱ Մոսկվայի Ակուստիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ԳԱ թղթակից-անդամ, կենս.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Ն.Բիբիկովից, ՌԴ հայտնի էկոլոգներ, Սոչիի ազգային պարկի փոխտնօրեն, ՌԴ վաստակավոր էկոլոգ, կենս.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Բ.Տունիեւից, ՌԴ ԳԱ Ուրալյան բաժանմունքի Բույսերի եւ կենդանիների էկոլոգիայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, կենս.գիտ.դոկտոր Վ.Իշչենկոյից:
Զարմանալի է, որ ատենախոսությունը չի բավարարում Լ.Մելքումյանի պահանջներին: Ավելին, լինելով կաշառակերության համար հիրավի արժանի պատիժ կրած մարդ, նա իրեն թույլ է տալիս կոռուպցիայի մեջ մեղադրելու ԲՈՀ-ի ներկայիս նախագահին, ով իմ պաշտպանությունից հետո է նշանակվել այդ պաշտոնին:
Ժամանակն է Լ.Մելքումյանին գիտակցելու, որ ինքն է իր համար սեւ PR ստեղծում` զանգվածային լրատվամիջոցներում տպագրելով իրականությանը չհամապատասխանող, խեղաթյուրված հոդվածներ: Իհարկե, խմբագրությունների աշխատակիցներին հայտնի չէ Լ.Մելքումյանի գիտական եւ մարդկային ոչ մաքուր հատկանիշները: Ես չեմ մեղադրում խմբագրություններին նման հոդվածներ տպագրելու մեջ, քանի որ դրանք կհետաքրքրեն ընթերցողին, սակայն էթիկայի կանոններից ելնելով հարկ է տպագրելուց առաջ ստուգել տպագրվող փաստերը:
Իր բանսարկություններով Լ.Մելքումյանը գիտական հանրությանը փորձում է հիշեցնել սեփական մոռացված անձի մասին` այդպես էլ չկարողանալով վերականգնել նախկին գիտական կապերն ու ընկերական հարաբերությունները: Կարծում եմ, ժամանակն է, որ նա կանգ առնի, իր ապրած 70-ից ավել տարիների բարձունքից խորհի սեփական վարքի մասին, փորձի գտնել ու վերացնել իր մեջ եղած չարության արմատները: Դրանով նա բազմաթիվ մարդկանց կազատի զբաղվելու իր զրպարտանքներին պատասխանելուց:
Էդուարդ Եղիազարյան, ԵՊՀ-ի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր