Անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար. Արարատ Միրզոյանը՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալին
Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը։ Նախարար Միրզոյանը անթույլատրելի է համարել Ադրբեջանի ԶՈՒ կողմից միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումները և պատերազմական հանցագործությունները, շեշտելով, որ դրանք պետք է արժանանան համապատասխան գնահատականի։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է միջազգային հանրության կողմից ագրեսորի՝ հասցեական և հստակ դատապարտման անհրաժեշտությունը՝ նշելով, որ անհասցե արձագանքները պարարտ հող են նախապատրաստում նոր ադրբեջանական ագրեսիաների համար: Այդ տեսանկյունից հայկական կողմը կարևորել է ՄԱԿ ԱԽ հրատապ նիստի ընթացքում հնչած թիրախային գնահատականները։