Սիրիական Հոմսից վիրավորներին էվակուացնելու գործողությունը ձախողվել է
Կարմիր խաչի աշխատակիցները, որոնք մտադիր են եղել սիրիական Հոմս քաղաքից դուրս բերել վիրավորներին, չեն կարողացել իրագործել իրենց առաքելությունը չդադարող ռազմական գործողությունների պատճառով, հաղորդում է “Reuters”-ը:
Կարմիր խաչի ներկայացուցչի խոսքով` հունիսի 21-ին իրենց հաջողվել էր համաձայնության գալ կառավարական զորքերի եւ ապստամբների հետ` կրակը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ` Հոմսի կենտրոնական թաղամասից վիրավորներին դուրս բերելու նպատակով: Չնայած դրան առաքելության աշխատակիցները ռմբակոծման են ենթարկվել, ինչի պատճառով էլ ստիպված են եղել հրաժարվել հումանիտար գործողությունից:
“Syrian Observatory for Human Rights” իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է, որ հունիսի 21-ը զոհերի թվով ռեկորդային օր է եղել` սկսած 2012-ի ապրիլի 12-ից, երբ ուժի մեջ մտավ պայմանական հրադադարի մասին համաձայնությունը: Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում սպանվել է կառավարական զորքերի առնվազն 54 զինվոր, 10 ապստամբ եւ 104 խաղաղ բնակիչ:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի եւ նրա հակառակորդների միջեւ հակամարտությունը շարունակվում է արդեն 15 ամիս: Այս ընթացքում հակամարտության զոհ է դարձել ավելի քան 15 հազար մարդ: 2012-ի մայիսի վերջին ՄԱԿ-ը Սիրիայում կատարվող դեպքերը պաշտոնապես քաղաքացիական պատերազմ հայտարարեց: