26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայաստան. չհամընկնող 8 փաստ Գյումրիի սպանությունների մասին. EurasiaNet

Հայաստանի հյուսիսային Գյումրի քաղաքում ընտանիքի սպանությունից երկու շաբաթ անց ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ, որոնք մտահոգություն են առաջացնում սպանությունների համար մեղադրվող ռուսական բանակի զինծառայող, 18-ամյա Վալերի Պերմյակովի գործողությունների և դրդապատճառների վերաբերյալ, գրում է interpress.am-ը` EurasiaNet-ին հղումով:

Որոշ պատասխաններ թվում են պարզ, մինչդեռ մյուսները, որոնք գործին զգայունություն են տալիս, հնարավոր է երբեք չբացահայտվեն Հայաստանի և Ռուսաստանի քննիչների կողմից:

Ըստ պաշտոնական մեղադրանքի, Պերմյակովը Գյումրիում մտել է Ավետիսյանների տուն հունվարի 12-ի վաղ առավոտյան, ենթադրաբար խմելու ջուր փնտրելու նպատակով: Նախնական քննության համաձայն, նա կրակել կամ  դանակահարել է ընտանիքի բոլոր յոթ անդամներին, հնարավոր է վախեցել է, որ Ավետիսյանները ռուսական 102-րդ ռազմաբազային կհայտնեին իր փախուստի մասին: Տեղում մահացել էր վեց մարդ, յոթերորդ զոհը՝ վեցամսեկան Սերյոժա Ավետիսյանն էր: Նա մահացավ հունվարի 19-ին:

Ըստ ռուսական Interfax-ի, Պերմյակովին կդատի Հայաստանում գործող ռուսական ռազմական տրիբունալը, նրա փաստաբանի` Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացու անունը չի հրապարակվում:

Երկու երկրների խորհրդարանները ձևավորել են հանձնաժողովներ քննությանը հետևելու համար, երկու երկրների պաշտոնյաները շարունակաբար վստահեցրել են, որ արդարությունն այս գործում ապահովված կլինի:

Բայց Հայաստանի հանրությունը թերահավատ է. ցուցարարները հունվարի 26-ին կրկին դուրս են եկել փողոց մայրաքաղաք Երևանում` պահաջելով, որ Պերմյակովը կանգնի հայկական դատարանի առաջ:  Հաշվի առնելով հասարակական ուշադրությունը, այս գործում անպատասխան հարցերը Հայաստանի կառավարության համար կարող են դառնալ քաղաքական պատասխանատվության խնդիր:

Պերմյակովի գործողությունների շուրջ անպատասխան գլխավոր հարցերը հետևյալներն են.

1.Ինչո՞ւ է դասալիքը եղել միայն զենքով և փամփուշտներով

Ըստ հայ քննիչների, Պերմյակովը լքել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան հունվարի 12-ի առավոտյան ժամը 4-ին` իր հետ վերցնելով ԱԿ-74 տիպի ինքնաձիգ: Պերմյակովն ասել է, որ դուրս է եկել «ման գալու»: Բայց շատ հարցեր են առաջացել, թե ինչո՞ւ է նա որոշել լքել ծառայության վայրը միայն զենքով և փամփուշտներով: Հայպետհիդրոմետի` եղանակային պետական ծառայության տվյալով, հունվարի 12-ին եղել է  մինուս 17-20 ջերմաստիճան: Դա չափազանց ցուրտ է անգամ սիբիրցի Պերմյակովի համար:

2. Ինչպե՞ս է Պերմյակովը մտել զոհերի տուն

Ավետիսյաններն ապրում էին դարպասներ ունեցող սեփական տանը` Գյումրիի կենտրոնում` ռուսական 102-րդ ռազմաբազայից 3-4 կիլոմետր հեռավորության վրա: Հարևանները լրագրողներին ասել են, որ ընտանիքը դարպասները սովորաբար չէր փակում:

Սպանություններից երկու օր առաջ տան համար նոր դուռ էին գնոլ` ավելի նորն ու ամուրը: Ըստ Հայաստանի քննչական պետական կոմիտեի,  Պերմյակովը տուն մտնելու համար  կոտրել է պատուհանը: Մեղադրյալն ասել է, որ ցանկացել է միայն ջուր խմել: Նա պնդում է, որ զոհերին չի ճանաչել, Ավետիսյանների բարեկամները ևս որևէ հնարավոր կապ չեն հաստատել:

Քննինչները չեն բացառում ոչ մի վարկած և հետաքննելու են, թե ինչու Պերմյակովը ջուր խմելու համար ընտրեց հենց այդ տունը:

3.Եթե Պերմյակովը ջուր էր ուզում, ինչո՞ւ պարզապես չի խնդրել իրեն ջուր տալ

Շատ տեղացիների համար, որոնք սովոր են ռուս զինվորներին ծխախոտ և ուտելիք հյուրասիրելը, սա տարօրինակ հանգամանք է: Պերմյակովը վերջերս է ժամանել Գյումրի, բայց ռուսական Vkontakte սոցցանցում` 102-րդ ռազմաբազայի էջում, բաց խոսվում է Գյումրիում կարիքավոր զինվորներին հյուրընկալելու ավանդույթների մասին:

4. Պերմյակովը դիմադրե՞լ է իրեն ձերբակալողներին

Հունվարի 17-ին Aysor.am-ին տված հարցազրույցում, հայ փաստաբան Թամարա  Յայլոյանը, որը մասնակցել է Պերմյակովի նախնական հարցաքննությանը, հայտնել է, որ զինվորի խոսքով, ինքը առաջինը սպանել է Ավետսիյան ընտանիքից  մի տղամարդու, որը արթնանալուց հետո տեսել է նրան և գոռալով փորձել է ձգվել հեռախոսին:

Պերմյակովը պնդում է, որ կողքի սենյակում ձայներ լսելուց հետո մտել և սպանել է երկու հոգու, դրանից հետո, ենթադրաբար, մտել է երրորդ սենյակ և կրակ բացել այնտեղ գտնվող երեք մարդու վրա, իսկ երբ զենքը խափանվել է, սվինով հարվածել է վեցամսյա Սերյոժա Ավետիսյանին:

Բոլոր երեք սենյակները կապված են  միջանցքով: Շատերի համար կասկածելի է հենց այս հանգամանքը. չէ որ մյուս սենյակներում գտնվող մարդիկ կրակահերթի ձայնից պետք է արթնանային և փորձեին կանգնեցնել նրան, հատկապես որ Պրեմյակովը մթության մեջ է գործել և կարող էր չկողմնորոշվել ինչպես դուրս գալ տնից: Մինչդեռ հանցագործության վայրում արված տեսագրությունը,  ցույց է տալիս, որ ընտանիքի յոթ անդամներից վեցը մահացած են իրենց անկողիններում: Հարց է առաջանում, թե արդյոք Պերմյակովը գործել է միայնակ, թեև նման ենթադրությունը հաստատող որևէ ապացույց չկա:

5. Ինչո՞ւ որևէ մեկը չի լսել կրակոցները

Ավետիսյաները բնակվում էին Գյումրիի կենտրոնում, այս քաղաքն ունի 146,355 բնակիչ, Ավետիսյանների տունը մոտ է քաղաքապետարանին և երկաթուղային կայարանին: Հարևանների տները մի քանի մետր հեռավորության վրա են: Բայց, զարմանալիորեն, 30 վկաներից և ոչ մեկը կրակոց չի լսել, արտառոց ոչինչ չի նկատել: Մի երկրում, որտեղ ժողովուրդը չափազանց հետաքրքրված է հարևանների կյանքով, սա շատ կասկածելի է: Հայ քննիչները տեղեկացրել են, որ սպանությունները տեղի են ունեցել առավոտյան ժամը 6-ի սահմաններում:

Քրեագետ Սերգեյ Գալոյանը հունվարի 14-ի մամուլի ասուլիսին ասել է, որ դա այնպիսի ժամ է, երբ հարևանները կարող են լսել անգամ մոտակա տան ծորակի կաթիլների ձայնը: Ավետիսյանների հարևանությամբ բնակվող, նրանց բարեկամ Ռիտա Պետրոսյանը սպանվածներին նկատել է կեսօրի մոտ, երբ, սովորության համաձայն, գնացել է նրանց տուն սուրճ խմելու: Պաշտոնական հաղորդագրություններում խլացուցիչի կիրառման մասին խոսք չկա:

6. Արդյոք ինչոր մեկը եղել է հանցագործության դրդիչը

Պաշտոնական հաղորդագրությունները նշում են, որ դեպքի վայրում հայտնաբերվել են Պերմյակովի անունով զինվորական կոշիկներ, ԱԿ-74 տիպի ինքնաձիգ 5.45  միլիմետրանոց փամփուշտներով, 30 փամփուշտներով փամփշտակալ և ևս մեկ փամփշտակալ մեկ փամփուշտով:

Պերմյակովի  ռազմական հանդերձանքը խնամքով դրված է եղել տանը: Պաշտոնապես Պերմյակովը լքել է Ավետիսյանների տունը տան տիրոջ որդու` Արմենի հագուստով: Բաց է մնում հարցը, թե ինչու է կասկածյալը այդպիսի խնամքով դեպքի վայրում թողել այդքան ապացույցներ:

7. Ինչո՞ւ որևէ մեկը չի նկատել Պերմյակովին փախուստի մեջ գտնվելու ժամանակ

Նույնիսկ եթե Գյումրին վաղ առավոտյան դեռ իր սովորական ռիթմով աշխույժ չէր, միայնակ, ձմեռվա կեսին, Թուրքիայի սահմանի ուղղությամբ ոտքով քայլող ռուս տղամարդը, թվում է պետք է գրավեր մարդկանց ուշադրությունը: Պերմյակովին ձերբակալելու հստակ վայրի մասին այդպես էլ որևէ տեղեկություն չի հրապարակվել, անհայտ է, թե ինչպես են ռուս սահմանապահները ճանաչել նրան, կամ ինչպես է նորակոչիկը կողմնորոշվել տեղանքում և սեփական ուժերով հասել սահմանին: Հայաստանում, որտեղ հաճախակի են հանցագործությունների տեսագրությունների հրապարակումները, տեղեկության նման բացակայությունը թվում է անսովոր:

8. Ինչո՞ւ Պերմյակովն ավելի վաղ չի անցել հոգեբուժական հետազոտություն

Հունվարի 24-ին ռուսական լրատվական Interfax գործակալությունը, մեջբերելով անանուն աղբյուրը, հայտնել է, որ հոգեբուժական փորձաքննությունը կանցկացվի «ամենամոտ ապագայում» Պերմյակովի հոգեկան առողջության վիճակը  պարզելու և ԴՆԹ փորձանմուշները համեմատելու համար: Ըստ աղբյուրի, փորձաքննությունը կանցկացվի 102-րդ ռազմաբազայում: Անհայտ է, թե ինչու է նման փորձաքննությունն անցկացվում կասկածյալի ձերբակալությունից ավելի քան երկու շաբաթ անց:

Աղբյուր` interpress.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ