Քանի դեռ իշխանության ղեկին անկարող, վախկոտ վարչախումբն է, հետևանքներն այսպիսին են լինելու. ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ
Հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում սեպտեմբերի 13-ի գիշերն իրադրության կտրուկ սրման հետ կապված NEWS.am-ը դիմել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետը ճշտելու համար:
ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի պատասխանում ասվում է. «Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների ընտանիքներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Որպես բանակի կազմավորման ակունքներում կանգնած մարդ` նա գոտեպնդում է մեր զինվորականներին:
Որպես քաղաքական ուժի ղեկավար` հետևում է իրավիճակին, որքան տեղյակ եմ՝ ադրբեջանական ագրեսիայի թիրախում հայտնված բնակավայրերի կուսակցական կառույցներից ստանում է տեղեկություններ, քննարկում տեղերում մարդկանց օգնելու հնարավորությունները: Կուսակցության համապատասխան կառույցներն ու պատասխանատուները, նախագահի հանձնարարությամբ, դեռ գիշերվանից ակտիվ աշխատանքներ են սկսել միջազգային գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի մասին ճշմարտությունը ներկայացնելու ուղղությամբ` ակնկալելով նրանց արձագանքն ու քաղաքական աջակցությունը հայ ժողովրդին:
Ցավոք, քանի դեռ Հայաստանի իշխանության ղեկին անկարող, վախկոտ, ազգային և պետական շահերից չբխող գործողություններ իրականացնող վարչախումբն է, որը բանակցություններ է վարում մեր պետության և ժողովրդի անունից, հետևանքներն այսպիսին են լինելու»:
news.am