Փաշինյանի իմփիչմենթի գործընթաց պետք է սկսել, երբ առկա լինեն բոլոր բարենպաստ գործոնները․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Factor TV-ի հետ զրույցում հերքում է ընդդիմությանն ուղղված այն քննադատությունները, որ սպասում են՝ Նիկոլ Փաշինյանի օրոք արտաքին բանակցություններում կամ ՀՀ և ԼՂ անվտանգային հարցերում վատ զարգացում լինի, որից կօգտվեն իրենք և ժողովրդին կփորձեն էլի հանել Փաշինյանի կառավարության դեմ, մինչդեռ ընդդիմությունը չի փորձում իշխանության հետ անել այնպես, որ այդ աղետը տեղի չունենա։ Ընդդիմադիր գործիչն իրենց պայքարն աթոռակռիվ չի անվանում և անհամաձայնություն է հայտնում այն տեսակետների հետ, որ խորհրդարան չվերադարձող ընդդիմությունը սպասում է՝ դժբախտություն պատահի, որ ակտիվանա։ «Անկախություն» անունով շարժում սկսած Էդգար Ղազարյանը ստորագրահավաք է սկսել Փաշինյանի հրաժարականի պահանջով և բողոքում է, որ ընդդիմությունը չի միանում դրան։ Ըստ այդմ, ըստ Էդգար Ղազարյանի՝ Փաշինյանը վայելում է 107 պատգամավորի աջակցությունը։ Այսինքն՝ նաև «Պատիվ ունե՞մ»-ն է աջակցում Փաշինյանին։ Եթե իսկապես տեսնում են Փաշինյանի կառավարության գործողություններում վտանգ, ինչո՞ւ չեն սկսում իմփիչմենթի գործընթաց հենց հիմա՝ կանխելու այդ ենթադրյալ արհավիրքը, այլ սպասում են, որ այն տեղի ունենա։ Պատասխանելով քննադատների այս հարցին՝ Տիգրան Աբրահամյանը նշում է, որ Փաշինյանի իմփիչմենթի գործընթացի համար անհրաժեշտ գործոններ ձևավորված չեն հիմա․ ինչ-որ փուլում կարող է լինել։ Տիգրան Աբրահամյանին հարցեր ուղղեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա պրոցեսի մասին։ Նա կարծում է, որ ցավալի և ողբերգական ճանապարհ կլինի, եթե Ադրբեջանի հետ պայմանագրում Արցախի հարցով ձևակերպում և զուգահեռ գործընթաց չլինի։ Ըստ ընդդիմադիր գործչի՝ երբ Հայաստանի կառավարությունը գնում է որևէ զիջման Ադրբեջանին, Ալիևն ընդլայնում է ՀՀ-ին ուղղված պահանջները։
-Արդյո՞ք վերադառնալու եք խորհրդարան։ Եթե՝ ոչ, ապա ի՞նչն է պահում ձեզ ԱԺ դարպասներից դուրս, անգամ չենք կարող ասել, որ փողոցում եք։ Պարզապես ԱԺ աշխատանքի չեք գնում, փողոցային ակտիվություն էլ չկա։
-Վերջից սկսեմ․ այնպես չէ, որ խորհրդարանական բուն աշխատանքը միայն դահլիճի ներսով է սահմանափակվում։ Երբ ասում ենք, որ ընդդիմությունն աշխատանքի չի գնում, ես իմ մանդատի առաքելության տրամաբանության մեջ, օրինակ, այցելում եմ ազատազրկման վայրեր, քրեակատարողական հիմնարկներ։ Այդ մանդատի ներքո, որպես խորհրդարանի պատգամավոր, աշխատում եմ Արցախի խորհրդարանական ընդդիմադիր և իշխանական ուժերի հետ։ Ընդ որում՝ ես նաև լիազորված եմ խմբակցության և, առհասարակ, կուսակցության անունից աշխատելու Արցախում և ամիսը մեկ-երկու հաճախականությամբ իմ խորհրդարանական լիազորությունների իրականացման շրջանակում գտնվում եմ այնտեղ։ Զինուժի հետ կապված հարցերն այսօր ԱԺ լիագումար նիստերի դահլիճում չեն լուծվում, դրսում են լուծվում, և ես փորձում եմ դրսում իմ աշխատանքը շարունակել։ Ձևակերպումը սխալ է, որ աշխատանքի չենք գնում։
-Նկատի է առնվում օրենսդրական աշխատանքը, որով չեք զբաղվում․ պատգամավորի հիմնական գործառույթը դա է։
-Օրենսդրական նախաձեռնությունները պատգամավորական գործունեության մի մասն են կազմում։ Շատ ավելի ընդարձակ է պատգամավորի գործունեությունը։ Խորհրդարան վերադառնալ-չվերադառնալու հետ կապված այս պահին ունենք այն որոշումը, ինչ մայիսին ենք ունեցել, երբ փողոցային պայքարն ակտիվ փուլում էր։ Մենք փորձում ենք օգտագործել խորհրդարանական մեր մյուս հնարավորությունները։ Խորհրդարանում ընդդիմադիր ուժերի վերջնական նպատակն այս իշխանության հեռացումն է, ոչ միայն նրա համար, որ մենք ընդդիմություն ենք և ցանկացած երկրում նպատակն ընդդիմության իշխանության գալն է, այլ որովհետև այս իշխանությունն այս քաղաքականությամբ և արդեն իսկ թույլ տված տապալումներով իր՝ իշխանություն լինելու ամեն օրն անվտանգային սպառնալիք է ներկայացնում ՀՀ-ի համար։
–«Անկախություն» անունով շարժում սկսած Էդգար Ղազարյանը ստորագրահավաք է սկսել Փաշինյանի հրաժարականի պահանջով, և նա ասում է, որ ընդդիմությունը չի միանում դրան։ Ըստ այդմ, ըստ Էդգար Ղազարյանի՝ Փաշինյանը վայելում է 107 պատգամավորի աջակցությունը։ Այսինքն, համաձայն նրա քննադատության՝ նաև դուք եք աջակցում Փաշինյանին։ Եթե իսկապես տեսնում եք Փաշինյանի կառավարության գործողություններում վտանգ, ինչո՞ւ չեք սկսում իմփիչմենթի գործընթաց հենց հիմա, ի՞նչ կոմպլեքս կա այդ գործըթնացը սկսելու։
-Էդգար Ղազարյանը հղում է անում Սահմանադրությանը, որի պայմաններում վարչապետի նշանակումից հետո խորհրդարանում հնարավոր չէ անցկացնել իմփիչմենթի գործընթաց մեկ տարվա ընթացքում։ Օգոստոսից այդ հնարավորությունը կա, և Էդգար Ղազարյանը համարում է՝ քանի կա այդ գործընթացի հնարավորություն, ուրեմն պետք է սկսել։ Եվ դրանով ընդդիմությունը ցույց կտա, որ դեմ է այս իշխանությանը։ Ես այդ տրամաբանությունը չեմ հասկանում։ Իմփիչմենթի գործընթացը պետք է սկսել, երբ առկա են բոլոր բարենպաստ գործոնները, այդ թվում՝ երբ կա փողոցում ճնշման անհրաժեշտ մակարդակ։ Էլ չեմ խոսում իշխող ուժի տարբեր պատգամավորների հետ աշխատանքի մասին։ Իմփիչմենթ սկսելը մի բան է, հաջողությամբ ավարտելը՝ մեկ այլ բան, ինչը կապված է իշխող ուժի պատգամավորների մասնակցության հետ այդ գործընթացում։ ՔՊ-ական 20 պատգամավորի մասնակցություն է այդ պրոցեսը ենթադրում։ Իմփիչմենթի գործընթացը կարող է լինել ինչ-որ փուլում՝ վարչապետի այլ թեկնածուի մասնակցությամբ։ Բայց դրա համար պետք է անհրաժեշտ գործոններն ապահովել։ Մենք չենք կարծում, որ այս պահին այդ գործոնները ձևավորված են։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան
factor.am