«Ես համոզված եմ, որ հաղթելու եմ, ես այս գործով չեմ կարող պարտվել. Սորոսի հիմնադրամը Հայաստանում պետք է փակվի». Տիգրան Աթանեսյան
Հայցադիմումը ներկայացրել ենք մի քանի օր առաջ: Պահանջը հետևյալն է՝ կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի օֆշորային կազմակերպությունը (Բաց հասարակությունների հիմնադրամ։– Գ.Ս.) լուծարել:
Այս մասին «Բաց հասարակությունների հիմնադրամի» դեմ ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ փաստաբան Մարգարիտա Գյուլումյանի հետ տված համատեղ ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
«Մենք պարզեցինք, որ անհայտ աղբյուրներից ֆինանսավորվող մի կազմակերպություն շուրջ 25 տարի Հայաստանում գումարներ է ծախսում տարբեր ամպագոռգոռ գաղափարների համար, սակայն նրանց իրական ծրագրերը, իհարկե, դրանց հետ ոչ մի կապ չունեն: Իմ համոզմամբ՝ Հայաստանում գործում է օտարերկրյա գործակալական ցանց, որի նպատակն է քանդել մեր պետությունը, հասցնել ազգային աղետի ու մեզ համար սարսափելի ավարտի»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Փաստաբանի խոսքով՝ քանի որ գումարներն անհասկանալի ու մութ տեղից են գալիս, կազմակերպությունն օֆշորային է, ու հնարավոր չէ վերահսկել, դատելով այդ ցանցի գործունեության արդյունքներից՝ մենք իրավունք ունենք հիմնավոր կերպով կասկածել, որ այդ գումարների ծագումնաբանությունը միանշանակ ինչ-որ թշնամական ճամբարից է՝ թուրքական կամ ադրբեջանական:
«Պատկերացրեք՝ մի գործակալական ցանց, մի իրավապաշտպանների ոհմակ 10 տարի շարունակ թափանցիկություն էր պահանջում, ինչ-որ օֆշորային սկանդալներ էին կազմակերպում, մի եղած կամ չեղած առիթով մեկը պառկում էր գետնին, մյուսը մի այլ բան էր անում, մեկ էլ փոխվում է իշխանությունը, իրենք գալիս են իշխանության, և վերանում է այդ ցանցը: Այսինքն՝ մենք քաղհասարակություն չունեինք, իրավապաշտպաններ 98%-ով չունեինք. դրանք մարդիկ էին, իմ համոզմամբ, ովքեր ամեն ինչ արեցին, որ մենք կորցնենք Արցախը, ու զոհվեն մեր 5000 հայորդիները»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Ըստ նրա՝ դատարան դիմելու բուն առիթը սորոսական մի երիտասարդի հակաազգային գործունեությունն է, ով ցանկացել է թշնամանք սերմանել եղբայրական հայ և եզդի ժողովուրդների միջև:
«Այդ երիտասարդը 2018թ. իշխանափոխության օրերին ունեցել է շատ դրական կարծիք Հայաստանում վարվող քաղաքականության վերաբերյալ ազգային փոքրամասնությունների մասով և անգամ խնդրում էր նոր իշխանություններին, որ իրենք շարունակեն Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունն այդ հարցում»,- հիշեցրեց փաստաբանը:
Շարունակելով պատմությունը՝ Տիգրան Աթանեսյանը նշում է, որ անցնում է մի քանի ամիս, այդ երիտասարդը հիմնում է ինչ-որ ՀԿ, որից հետո անմիջապես ԵԱՀԿ-ում հանդես է գալիս ամբողջովին հակառակ դիրքերից, քննադատում է ՀՀ-ում իրավիճակը՝ մասնավորապես կապված եզդի ժողովրդի հետ, իսկ որոշ ժամանակ անց Սորոսի օֆշորային գրասենյակից ստանալով կլորիկ գումար՝ նա հարցազրույց է տալիս Հյուսիսային Իրաքում գործող եզդիական ամենախոշոր լրատվական գործակալությանը, որտեղ այնպիսի սարսափելի ստեր է տարածում Հայաստանում եզդիական համայնքի վերաբերյալ, որ նախ և առաջ հարուցում է մեր եզդի եղբայրների զայրույթը: Եվ դժվար չէր պատկերացնել, թե եթե հավատային այդ զառանցանքներին, ու բախում սկսվեր հայ և եզդի ժողովուրդների միջև, ինչ տեղի կունենար:
«Այդ գրասենյակն իր ծախսած գումարների մի մասը քողարկում է բարեգործական միջոցառումներով: Դա նույն Տրոյական ձիու էֆեկտն է: Օրինակ, նույն այդ երիտասարդին դրանից հետո ևս երկու դրամաշնորհ են տվել առաջին հայացքից ինչ-որ շատ լավ բանի համար՝ Քովիդից հետո եզդի համայնքին բժշկական օգնություն ցույց տալու և սոցիալապես անապահով եզդիներին օժանդակություն ցույց տալու համար: Սրանք փորձել են սրանով այս երիտասարդին դարձնել մեր անապահով եզդի համերկրացիների առաջնորդ ու մարդկանց կախման մեջ գցել իրենից»,- ասաց փաստաբանը:
Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ իրենք այդ ամենն իմանալուց հետո դիմում են Ազգային անվտանգության ծառայություն, որը մի փոքր ձգձգումներով, սակայն հարուցում է քրեական գործ, առաջադրվում է մեղադրանք, հիմա ընթանում է դատավարություն:
«Ի՞նչ կաներ հիմնադրամը, որը կապ չունի ազգային թշնամանք սերմանելու հետ: Ցանկացած հիմնադրամ պետք է հերքեր իր մասնակցությունը դրան և թողներ՝ դատարանն ինչ կորոշի: Բայց ոչ: Նրանք նախ հայտարարություն են տարածում, որ ապօրինի հետապնդվում է իրավապաշտպանը, հետո արդեն ասում են՝ այո, սուտ է ասել երիտասարդը, բայց դա նրա իրավապաշտպանական գործունեության մի մասն է»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ հայտնելով երիտասարդի անունը՝ Սաշիկ Սուլթանյան:
Ըստ նրա՝ սորոսական գործակալներից 7 հոգի հիմա ամբաստանյալների աթոռին են:
«Ավելի հայատյաց, ավելի ուրիշի կարծիքը չհանդուրժող, իմ համոզմամբ՝ իր էությամբ հանցավոր ցանց դժվար է պատկերացնել: Սակայն, իհարկե, այդ ցանցն ունի թույլ տեղեր: Այնտեղ գաղափար չկա, գործում են փողի դիմաց: Սրա դեմը պիտի առնել, և մենք ամեն ինչ անելու ենք դրա համար: Մենք այս գործով չենք կարող պարտվել: Անկախ նրանից՝ դատարանն ինչ որոշում կկայացնի, այն չի կարող հետևանք չունենալ»,- ասաց Տիգրան Աթանեսյանը՝ հավելելով, որ կարող են հայցադիմումը վարույթ չընդունել, ինչը կնշանակի, որ Սորոսի գրասենյակն իշխում է Հայաստանում:
Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ սորոսականները զավթել են պետության կարևորագույն բարձրագույն մարմինները՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, Սահմանադրական դատարանը, Բարձրագույն դատական խորհուրդը, սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը:
«5000 մարդ սպանեց Նիկոլը Արցախում. ո՞ւր է Սաքունցը: Չկա, որովհետև Սորոսն այդ հանձնարարականը չի տվել: Նկատի չունեմ Ջորջ Սորոսին հենց: Նա երկրներ է ծախում: 67 միլիոն ծախսել է Հայաստանի վրա, 300 միլիոն ստացել է Ալիևից: Արդյունքը տեսնում եք»,- ասաց փաստաբանը՝ նկատելով՝ որպես կանոն՝ ոչ մի սորոսական բարոյականություն չի ունենում:
Մարգարիտա Գյուլումյանն էլ իր խոսքում նշեց, որ փաստն այն է, որ կա Լիխտենշտեյնում գրանցված կազմակերպություն և այստեղ գործող մասնաճյուղ:
«Ըստ մեր օրենսդրության և իրենց կանոնադրության՝ մասնաճյուղի տնօրեն նշանակում է հիմնադիրը: Լիխտենշտեյնում գրանցված անհայտ կազմակերպությունը Հայաստանում տնօրեններ է նշանակում, ովքեր որոշում են մեր ճակատագիրը: Տնօրեն նշանակված անձը գործում է լիազորագրի հիման վրա, ի շահ կազմակերպության»,- ասաց փաստաբանը՝ հատվածներ ներկայացնելով մասնաճյուղի կանոնադրությունից:
Ըստ կանոնադրության՝ կազմավորվում է նաև 5 հոգուց բաղկացած վարչություն, որը, օրինակ, հաստատում է դրամաշնորհային ծրագրերը:
Տիգրան Աթանեսյանը ևս մեկ անգամ պնդեց՝ «Ես համոզված եմ, որ հաղթելու եմ, ես այս գործով չեմ կարող պարտվել: Սորոսի հիմնադրամը Հայաստանում պետք է փակվի»:
«Թուրք սնայպերը հիմա հայ զինվորի համար ավելի պակաս վտանգավոր է, քան այդ հիմնադրամը»,- ասաց նա: