26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նույնիսկ անվտանգության հայեցակարգ չունեն

Հարցազրույց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ:
– Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, թե կարող է օրենքը փոխվել, եւ ԶՈՒ ԳՇ պետը դառնա նախարարի առաջին տեղակալի պաշտոն:
– Օրենքի նախագծի վերաբերյալ ժամանակին ունեցել եմ առիթ խոսելու, այստեղ կա միտում տարբեր պետական կառույցների ֆունկցիաները խառնելու առումով, որն իր հերթին էականորեն թուլացնելու է երկրի պաշտպանունակությունը եւ խոչընդոտելու է զինված ուժերի զարգացմանը: Սա զուտ մոտեցումների հարց է: Ըստ իրենց նախագծի` լինելու է երկու տեղակալ․ մեկը՝ քաղաքացիական, մյուսը` զինվորական: Ֆունկցիոնալ առումով, գուցե որոշ կետեր լինեն համատեղելի, սակայն լինելու են մի շարք հակասություններ:

– Ի՞նչ հակասություններ, օրինակ:
– Կարելի է երկար խոսել այդ մասին: Դրա վերաբերյալ կան բազում աշխատություններ, զեկույցներ: Ես կարծում եմ, որ սա չէ գլխավոր հարցը: Գլխավոր հարցն այն է, որ սրանք պատրաստ չեն զինված ուժերը վերականգնելու, վերազինելու: Նրանք չունեն հայեցակարգ, միտք, գաղափար, ընդհանրապես ոչինչ չի արվել եւ չի արվում, հիմա էլ այս օրինագծով խառնում են կառավարման համակարգը, Անվտանգության խորհրդից տանել ՊՆ, ՊՆ-ից՝ Անվտանգության խորհուրդ, հասկանալի չէ: Զարգացման խնդիրներն այսկերպ դարձնում են ոչ կոմպետենտ, սա նշանակում է, որ զինված ուժերն առաջիկայում ոչ միայն չեն վերականգնելու, այլեւ տվյալ մոդելի պարագայում քանդվելու են: Սա շատ վտանգավոր քայլ է:

– Այդ փոփոխությունը չի՞ հակասում Սահմանադրությանը:

– Այդ հարցին պետք է համապատասխան մասնագետները` իրավաբանները պատասխանեն: Այդ օրենքն էականորեն ազդելու է պետության պատշտպանունակության վրա: Տուժելու է երկրի պաշտպանունակությունը:

– Նախարար Պապիկյանը խոսում է բանակում օրգանական փոփոխությունների մասին, խոստանում պրոֆեսիոնալ բանակ….

– Ես էլ խոստանում եմ, որ լինելու է ծովից ծով Հայաստան: Մարդ պետք է մի փոքր գոնե իրատես լինի, հասկանա՝ ինչ է խոսում եւ ինչպես է իր խոստումներն իրագործելու: Իրենք եթե մի բան իրականացնող լինեին, մեր մարտունակ բանակը չէին քանդի, երկրի անվտանգությունն էս աստիճան չէին խարխլի: Սա պետության պաշտպանունակության հարցն է նաեւ: Յուրաքանչյուր օղակ պետք է հստակ սահմանի իր անելիքները, զարգացման ծրագրերը: Անգամ գաղափարական առումով չեն պատկերացնում, թե ինչ բանակ է լինելու: Նույն Նիկոլն ասում էր՝ 3 ամսով ծառայության անցնելու գաղափար կա, հետո դարձավ 5 ամիս, հետո՝ 6: Սա էլ երեւի հերթական «փայլուն» միտքն է:

– Նախարարին երբ լսում ենք, տպավորություն է, թե ամեն ինչում դուք` նախկիններդ եք մեղավոր: Նա հայտարարեց, թե իր ընդդիմախոսները չպետք է ամեն ինչ միանգամից պահանջեն իրենից։

– Բանակը եղել է փայլուն վիճակում` իր բոլոր խնդիրներով հանդերձ: Կարող են մասնագիտական միջավայրում նստել եւ քննարկել, թե ով ինչ է արել բանակի համար: Պապիկյանը մի բանում ճիշտ է՝ իրենցից ոչինչ սպասել պետք չէ: Չգիտեմ՝ պատահաբար է ասել, թե անկեղծորեն, սակայն ճիշտ է ասել:

– Պապիկյանը նաեւ խոսեց ռազմական կրթության ոլորտի բարեփոխումների եւ դրա ընթացքի մասին:

– Զինված ուժերում ռազմական կրթությունն ամենակարեւոր օղակներից մեկն է: Պետք է լինեն հստակ հայեցակարգեր, պլանավորում, կադրային քաղաքականություն, արտաքին համագործակցություն եւ այլն: Եթե սրանց մոդելի վերաբերյալ պատկերացում չունեն, էլ ի՞նչ պետք է սպասել իրենցից: Նույնիսկ աշխարհազորի մասին ինչ-որ օրենք էին կպցրել, դա էլ կիսատ մնաց, ամեն ինչ` կիսատ-պռատ, տանում է քանդելուն: Նույնիսկ անվտանգության հայեցակարգ չունեն, ի՞նչ զինված ուժերի մասին օրենք են փոխում:

 Հայկ Գևորգյան

 

hraparak.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ