Վանոյի պաշտպանության գործը քաղաքական պատվեր չէ
“ԵԼՔ” խմբի շարժմանն ի պաշտպանություն Վանո Սիրադեղյանի՝ նորանոր հայտնի անուններ են միացել. գրողներ Վահրամ Մարտիրոսյանը, Արմեն Շեկոյանը,Սամվել Մկրտչյանը, Լեվոն Ջավախյանը, Հասմիկ Սիմոնյանը, դերասան Երվանդ Մանարյանը:
Ստորագրահավաքի ցուցակում են տասը գլխավոր խմբագիրներ, ավելի քան 40 լրագրողներ, տարբեր քաղաքական կուսակցությունների երկու տասնյակից ավելի գործիչներ, հայտնի գրողներ, նկարիչներ:
Henaran.am-ի հետ զրույցում ստորագրահավաքի նախաձեռնող լրագրող եւ ռեժիսոր Վարդուհի Սիմոնյանն ասաց. “Մենք արդեն հասանք նրան, որ 300-ից ավելի վառ անհատների ստորագրություն դրվեց այս նախաձեռնության տակ, մնացածի համար արդեն մեծ պատիվ է լինելու իրենց անունը տանել -դնել այս ընտրանու կողքին. ստորագրելով այս համարյա պատմական փաստաթղթի տակ` մեր մտավոր ընտրախավն ազդարարում է , որ ինքը վախկոտ չէ, եւ տեր է խղճի, մտքի ազատությանը” :
Ստորագրահավաքին ակտիվ մասնակցում են նաեւ սփյուռքից, անգամ արձագանքել է Վանո Սիրադեղյանի ոչ անհայտ օգնական Լեվոն Գայֆեջյանը, ով 1999թ.-ից ապրում է Սան Ֆրանցիսկոյում: Իսկ Վանո Սիրադեղյանի դուստր Արփի Սիրադեղյանը գլխավորում է ցուցակը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, “Ֆեյսբուք”-ում ստորագրահավաք են նախաձեռնել ի պաշտպանություն Վանոյի վերադարձի: