Գալուստ Սահակյանը համոզմունք հայտնեց` “Հարսնաքար”-ի դեպքի մեղավորները օրենքի ողջ խստությամբ կպատժվեն /վիդեո/
“Յուրաքանչյուր քաղաքական անձի կամ բիզնեսմենի համար շատ հաճելի կլիներ, եթե նա թիկնապահներ չունենար, բայց շատ կարևոր է անվտանգության հարցը: Յուրաքանչյուր մարդ պետք է մտածի նաեւ իր անվտանգության մասին”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով քաղաքական գործիչների թիկնազորի մասին հարցին, ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
ՀՀԿ փոխնախագահի խոսքով, Թիկնազորի մասին օրենքը կա, եւ մինչև 2013 թ. հունվարի 1-ը ենթաօրենսդրական դաշտ կստեղծվի, և ոլորտը կկարգավորվի օրենքով: Գալուստ Սահկայանը միեւնույն ժամանակ նշել է.” Ցանկացած երևույթ, որը քրեածին է, դատապարտելի է: Դա է պատճառը, որ համապատասխան օրենք մշակեցինք ”:
Խոսելով “Հարսնաքարի” դեպքից, ՀՀԿ փոխնախագահն ասաց. ”Թիկնապահ, անվտանգության աշխատակից. սրանք բոլորը խառնում են: Ով ում ծեծեց, ասում են թիկնապահն է ծեծել: Դեպքը, որ տեղի է ունեցել, Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները չեն եղել, այլ՝ “Հարսնաքարի” անվտանգության աշխատակիցները”:
Գալուստ Սահակյանը համոզմունք է հայտնել, որ միջադեպի մեղավորներն օրենքի ողջ խստությամբ կպատժվեն: Այդ վերաբերմունքը դրսեւորվել է ոչ միայն ՀՀ քաղաքացու դեմ, այլեւ՝ բանակի զինվորի դեմ: Դա ավելի դատապարտելի է”,-նշել է Գալուստ Սահակյանը:
Պատասխանելով լրագրողների հարցին, թե միջադեպի համար արդյոք պատասխանատու չէ նաեւ ռեստորանային համալիրի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, Գալուստ Սահակյանն ասել է.”Նման իրողությունների համար մեղքի բաժին ունեն և Գալուստ Սահակյանը, և իշխանությւոնները եւ հասարակական կառույցները: Մենք բոլորս մեղավոր ենք”: Գալուստ Սահակյանն ասել է, որ ինքը թիկնապահներ չունի եւ չի պատրաստվում ունենալ:
Նույն հարցն այսօր լրագրողներն ուղղել են նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին եւ վերջինիս հետ բանավիճելու եկած “Ժառանգության” ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանին:
Հակոբ Հակոբյանն ասել է, որ որպես քաղաքացի գտնվում է, որ վատ միջադեպ է եղել, որը սակայն, կարող է լինել ցանկացած ռեստորանում: Մնացածը պատգամավորը թողնում է արդարադատությանը: Ինչ վերաբերվում է Ռուբեն Հայրապետյանի մեղավորության մասին հարցին, Հակոբ Հակոբյանն ասել է.”Ռուբեն Հայրապետյանը չի մասնակցել ծեծին, նրա մեղքը որը պիտի լինի” :
Ստյոպա Սաֆարյանը խնդիրը համակարգային է համարել եւ նշել, որ նման իրավիճակների ողբերգությունը նրանում է, որ անպատժելիությունը նոր հանցագործություն է ծնում: “Եթե Հայաստանում գործեր արդարադատությունը, ապա չէր գործի սամասուդի ինստիտուտը: Մի չբացահայտված դեպքը բերում է մյուսը”,-համոզունք է հայտնել Ստյոպա Սաֆարյանն ու հավելել, որ Թիկնազորի մասին օրենքն արդյունք չտվեց: