Ծեծված, նվաստացած քույր, կտրված ոտք, ողբացող մայր, մահ. Ժամանակ
“Ժամանակը” գրում է. “Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Աշոտ Խաչատրյանի գործի դատական քննությունը:
28-ամյա Աշոտ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ըստ դատական ակտի՝ Աշոտ Խաչատրյանը անհաշտ, լարված ու թշնամական հարաբերությունների մեջ է եղել իր քրոջ նախկին ամուսնու՝ Նվերի հետ:
2013 թվականի հուլիսի 30-ի կեսօրին Խաչատրյանը Հրազդանում պատահաբար հանդիպել է Նվերին:
Վիճաբանության ժամանակ իր ընտանիքի անդամների հասցեին հնչեցված հայհոյանքների, սպառնալիքների, իր վրա թքելու համար վրեժխնդիր լինելու դիտավորությամբ Խաչատրյանն իր «Մերսեդեսով» ընթացել է Նվերի մեքենայի հետևից ու տեսել է Նվերին՝ խաչմերուկում կայանած մեքենայի հետնամասում:
Աշոտ Խաչատրյանը Նվերին կյանքից զրկելու դիտավորությամբ մեծ արագությամբ ընթացել ու մեքենայի առջևի մասով հարվածել է Նվերին, երկու մեքենաների արանքում նա ճզմել է Նվերի մարմինը: Ստացած վնասվածքներից Նվերը երևանյան հիվանդանոցում մահացել է:
Ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել մեղսագրված արարքի համար: Նա հայտնել է, որ 2000 թվականին քույրն ամուսնացել է Նվերի հետ: Մոտ 10 տարի նրանք անհաշտ ապրել են: Ըստ Խաչատրյանի՝ Նվերը ծեծել, խոշտանգել է քրոջը: Ի վերջո նրանք բաժանվել են:
Դեպքի օրն ինքը մեքենայով գնում էր Երևան: Կանգնած սպասում էր եղբորորդուն:
Ավտոմեքենայով անսպասելի մոտեցել է Նվերը: Նա մեքենան այնպես է կանգնեցրել, որ իր կողքին հայտնվի: Նա կողային ապակին իջեցրել է ու թքել է իր վրա: Նաև հայհոյել է իր ընտանիքի անդամների հասցեին, իր եղբորն ու նրա որդիներին սպանելու սպառնալիքներ է տվել: Ապա մեքենայով հեռացել է: Ինքն ընթացել է նրա հետևից: Չի գիտակցել, թե ինչ արագությամբ է վարում մեքենան: Ինքը եղել է զայրացած, հուզված ու շփոթված:
Ցանկացել է մեքենան կանգնեցնել Նվերի մեքենայի հետնամասում, բայց չի նկատել, որ Նվերը կանգնած է այնտեղ: Նա ընկել է իր մեքենայի դիմապակուն: Նրա մեքենան առաջ է գնացել, իսկ իր մեքենան մնացել է տեղում:Ինքն իջել է մեքենայից, հեռացել է դեպքի վայրից, ապա մեղայականով ներկայացել է ոստիկանություն…”,- գրում է թերթը:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: