22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ադրբեջանը շարունակում է սադրել ռուս խաղաղապահներին. գրանցվել են ծեծկռտուքի դեպքեր

Ադրբեջանական տելեգրամ ալիքները գրում են, որ Քարագլխի հատվածում ռուս խաղաղապահների և ադրբեջանցի զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

Մեր տեղեկություններով՝ վերջին շրջանում սա առաջին դեպքը չէ, ընդ որում, եղել է դեպք, որ վիճաբանությունն անգամ ծեծկռտուքի է վերածվել:

 

Առհասարակ ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ փորձում է սադրել ռուս խաղաղապահներին, որոնք այսօր, ըստ էության, հանդիսանում են Արցախի անվտանգության երաշխավորը:

 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Ասկերան քաղաք այցի ժամանակ ևս անդրադարձել է Ադրբեջանի գործողություններին՝ նշելով, որ մարտի 24-ին Ադրբեջանը խախտել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, չի թաքցնում իր ծավալապաշտական նկրտումները, և, որ Ադրբեջանը խախտելով  պայմանը՝ առաջին հերթին կասկածի տակ է դրել ռուսական խաղաղապահ առաքելությունը:

 

Ի դեպ, ապրիլի 9-ին ադրբեջանական լրատվամիջոցները գրեցին, թե իբր ռուս խաղաղապահները գնում են իրավիճակի սրման՝ ադրբեջանական հսկողության տակ գտնվող Փառուխ գյուղում տեղադրելով ռուսական դրոշը:

«Ներկա դրությամբ, ռուս խաղաղապահները փորձում են Փառուխում տեսադիտարկման սարքեր կամ խցիկներ տեղադրել, ինչը հարցեր է առաջացնում: Չմոռանանք, որ ռուս խաղաղապահները գտնվում են Ադրբեջանի տարածքում, ընդ որում, առանց մանդատ և «թռչնի իրավունքով»»,- գրել էր ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը:

Նույն օրը՝ ապրիլի 9-ին, Արցախի նախագահը հայտնեց, թե ապրիլի 8-ից ռուս խաղաղապահները ոչ միայն Փառուխի, այլև Քարագլխի հատվածում են։ 

Իրականում ռուս խաղաղապահներն այդտեղ են ադրբեջանական սադրանքի առաջին օրերից: Այսինքն, սա նորություն չէ, միևնույն ժամանակ, Քարագլխի ամենաբարձր կետը թեպետ հայկական վերահսկողության տակ է, սակայն որոշ կարևոր բարձունքներ շարունակում են մնալ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ: Ասել է թե՝ իրավիճակը մնում է նույնը, ադրբեջանական, այսպես ասած, դիրքերի թուլացում այս հատվածում չկա:

Ի դեպ, Փառուխ գյուղը ՌԴ ՊՆ քարտեզում հայտնվել էր դեռ մարտի 9-ին:

Իսկ թե ինչո՞ւ է ՀՀ քաղաքական՝ իշխանական և ընդդիմադիր էլիտան, լռում ռուս խաղաղապահների և ադրբեջանցի զինծառայողների միջև տեղի ունեցող վեճերի մասին, հասկանալի չէ:

Ի դեպ, ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ հանդիպմանն ընդգծվել է ադրբեջանական զինված ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը, ինչին, ըստ էության, Ադրբեջանը չի գնալու: Եվ սա ևս մոռացվելու է, այնպես, ինչպես անցած տարի մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժման մասին: Այնպես, ինչպես պատերազմից հետո հանձնեցինք ռազմավարական նշանակություն ունեցող մոտ 2500 մետր բարձրություն ունեցող Դիզափայտի բարձունքը, որը թույլ էր տալիս տեսողական վերահսկողության տակ պահել Ջրականը, Հադրութի, Շուշիի շրջանները:

Հին Թաղեր համայնքի ղեկավարն «Ազատության» հետ զրույցում ասել էր.

«Դիզափայտից օդով մինչև Արաքսը՝ Իրանի սահմանը, որ միանգամից վերցնես, սկի 25-30 կմ էլ չկա: Դա ռուսի ձեռքը լինի, ռուսին ա ձեռ տալի, թուրքի ձեռքն էլ լինի, թուրքին ա ձեռ տալի: Ամբողջ տարածքը երևում ա»:

Այս կարևորագույն բարձունքների կորուստը և ռազմական նշանակությունը առանձին քննարկման նյութ է: Մի բան պարզ է՝ ցանկացած նման քայլ նաև աշխարհաքաղաքական մրցակցության համատեքստում է:

Աղբյուրը՝ 168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ