«Արցախ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող»․ ընդդիմադիրները Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպել են Աղավնոյի անցակետում
![](https://henaran.am/wp-content/uploads/2022/04/E74AD842-AFD7-43C4-9044-7C63CC29875D.png)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ ՀՀ խորհրդարանական ընդդիմության հանդիպումը Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ կայացել է Աղավնոյի անցակետում։ Պատգամավորն անդրադարձել է նաև Արցախ իրենց այցի հետ կապված՝ իշխանության ստեղծած խոչընդոտներին։
«Հարգելի հայրենակիցներ,
Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։ Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։
Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը:
Տեղեկացնեմ, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում:
Մենք միասնական ու վճռական ենք Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը վիժեցնելու և մեր երկրի շահերին տեր կանգնելու հարցում»,- գրել է Իշխան Սաղաթելյանը: