Հայաստանն այսօր կանգնած է պարենային անվտանգության խնդրի առաջ. Արթուր Խաչատրյան
Հայաստանն այսօր կանգնած է պարենային անվտանգության խնդրի առաջ, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Վերջինս հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնությունն արգելել է ԵԱՏՄ երկրներ հացահատիկի արտահանումները, լիցենզավորված կազմակերպությունները կարող են դա անել, իսկ դա արվում է, որովհետև, ըստ պատգամավորի, վստահության պակաս կա։
Ըստ Խաչատրյանի՝ Հայաստանում կան հողատարածքներ, որտեղ միայն կարող ես հացահատիկ կամ կերային կուլտուրաներ ցանել։
«Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, թե 2021 թվականին Հայաստանն ունեցել է կատաստրոֆիկ ցածր բերքատվություն. 5 տարվա կտրվածքով ունեցել է ամենաիքիչ մշակվող հողատարածքները ու արդյունքում ստացվել է ամենաքիչ բերքը՝ 97 հազար 200 տոննա։
«Արցախից 50 հազար տոննայի կարգի հացահատիկ էինք ստանում, բայց այս իշխանության օրոք դա անցավ թուրքերին, պարզ է, որ մեր ինքնաբավության մակարդակն ընկավ», – հավելեց Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը վստահեցրել էր՝ պարենային անվտանգության հետ կապված Հայաստանը որևէ խնդիր չի ունենա, ներմուծումներ առաջիկայում հնարավոր կլինի կատարել Ռուսաստանից։