Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բզկտված ԱՐՑԱԽ. վերադառնալու´ ենք:
ՊԼԵԹԱՆՑ, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո։
Գյուղը գտնվում է հանրապետության հարավ-արևելյան հատվածում, Հադրութից 21 կմ հեռավորության վրա, իսկ Ստեփանակերտից՝ 94 կմ հեռավորության վրա։ Լեռնային համայնք է, ունի 919 հա տարածք, որից 598 հա գյուղատնտեսական նշանակություն, 270 հա անտառային հողեր։ Պլեթանցի կազմի մեջ ընդգրկված է Ծաղկավանք գյուղը, որտեղ բնակվում էին 4 մարդ, կար 2 տնտեսություն։ Համայնքի տարածքում առկա են երեք աղբյուրներ` Պլեթանց գյուղի տարածքում «Շենին» և «Իսայի», իսկ Ծաղկավանք գյուղի տարածքում՝ «Շենին» աղբյուրը։
Պլեթանցի պատմամշակութային հուշարձաններն են՝ (Բլութան) Սբ. Ստեփանոս եկեղեցի (1651 թ.), գերեզմանոց (17-19-րդ դարեր), խաչքար (17-րդ դար), ջրաղաց (19-րդ դար)։ Սբ․ Ստեփանոս եկեղեցու վերաբերյալ մեզ հասած տեղեկությունները վերաբերվում են 19-րդ դարին։ Մակար Բարխուդարյանցը հետևյալն է գրում գյուղի և եկեղեցու մասին. «Պլեթանց հիմնուած է նոյն սարին (Արևասար) մի ձորի արևմտահայեաց լանջին վերայ. բնակիչք բնիկ, հողն արքունի, ունի նաև այգի, բոժոժ և պարտէզ, անվնաս օդն, կլիման և ջուրն. եկեղեցին Սուրբ Ստեփաննոս, քարուկիր, քահանան գալիս է Հատրութից»։ Ըստ մուտքի բարավորին փորագրված շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցվել է 1651 թվականին։ Եկեղեցու կառուցման վերաբերյալ այլ տվյալներ հայտնի չեն։
Գյուղի բնակչության թվաքանակը կազմում էր 28 մարդ, կար 12 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ Գյուղում գործում էր գյուղապետարան և բուժկետ»։