Մեծ երկխոսություն է պետք՝ անկախ քաղաքական հայացքներից. Արթուր Վանեցյանը՝ հայկական օրակարգի մասին
Այս իշխանությունները պետք է հեռանան, որպեսզի կարողանանք կտրել այն պարտությունների շղթան, որը մեզ հետապնդում է և կարողանանք ձևակերպել այն օրակարգը, որով հետագայում պետք է ապրենք, «Հայկական օրակարգ» հետպատերազմյան անելիքներ թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Ունենք լրջագույն անվտանգային խնդիրներ, չլուծված արցախյան հակամարտության հարց, ՀՀ սուվերեն տարածքում արդեն երկար ժամանակ գտնվող թշնամու զինուժ, չհստակեցված սահմաններ, անհասկանալի հարաբերություններ մեր հիմնական դաշնակիցների հետ, այս բոլորը լուծում են պահանջում, որոնց պետք է նայենք գլոբալ անվտանգային միջավայրում, ինչը, ցավոք, այսօր բացակայում է», – ասաց Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով՝ երկխոսություն է պետք:
«Հասարակությունը պետք է մեծ երկխոսության մեջ մտնի՝ անկախ քաղաքական հայացքներից, անկախ իրավիճակից, և առողջ ուժերը փորձեն երկխոսության արդյունքում հասնել մի իրավիճակի, երբ կունենանք նորմալ հասարակություն, որը կկարողանա ձևակերպել այն օրակարգը, որը մեզ պետք է հետագայի համար», – ասաց Արթուր Վանեցյանը։
Նա ընդգծեց, որ հայկական օրակարգի ձևավորման մեջ իր ուրույն դերակատարությունը պետք է ունենա Սփյուռքը, և դա չպետք է լինի զուտ խոսքերի մակարդակով։