15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում ներերակային թմրամիջոցներ օգտագործողների 80 տոկոսը վարակված է հեպատիտ C-ով

2011-ին ՀՀ իրավապահ մարմինների կողմից   բացահայտվել է  թմրամիջոցների ապօրինի շրջանառության 1525  դեպք. նախորդ տարվա համեմատ ունենք ընդամենը մեկ դեպքի աճ: Ընթացիկ տարվա անցած 3 ամիսներին գրանցվել է նույն հանցագործության 308  դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը  գերազանցում է 73-ով:

Այս ցուցանիշներն այսօր հրապարակեց ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Սերոբ Հարությունյանը :

Թմրամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվա առիթով լրագրողներին հուսադրող տեղեկություն հաղորդեց Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրի հայաստանյան ղեկավար  Գրիգորի Մալինցյանը: Նրա խոսքով՝ 2009-ին աշխարհում արտադրված 8000 տ-ից  անցած տարի  թմրանյութերի ծավալը  նվազել եւ հասել է 5000-ի: Պատճառն, իհարկե, ոչ այնքան հուսադրող, որքան զավեշտալի է. պարզվում է՝ ,,մեղավորը,, կակաչի դաշտերում տարածված հիվանդություններն  էին: Ինչպես փորձագետը փաստեց՝ նշված  5000-ից առգրավվել  է ընդամենը 650-տ-ն. մնացածը, հասկանալի է, իրացվել է:

ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի թմրամիջոցների եւ թմրամոլության մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Աշոտ Դավիդյանցը , տեղեկացնելով, որ  կենտրոնի գործառույթներից է համապատասխան հետազոտություններով իրավիճակը տեսանելի դարձնելը՝ ներկայացրեց դրանցից մեկի արդյունքը. 2-3 տարի առաջ ներերակային թմրամիջոցներ օգտագործողների 80 տոկոսը վարակված էր հեպատիտ C-ով, ինչը, բժշկի փաստմամբ,  ամենածախսատար բուժում  պահանջող հիվանդություններից է:

Փորձագետների կարծիքով,  ՀՀ-ն տարանցիկ երկիր է թմրամիջոցների տեղափոխման առումով այնքանով, որքանով արձանագրվում են դեպքեր : Մեր երկիրը սահմանակից է Իրանին, որտեղից ներմուծվում է ափիոն տեսակի թմրանյութ, Թուրքիային, որտեղից էլ երկիր է մտնում հերոինը եւ այլն: Գրիգորի Մալինցյանի խոսքով՝ մեր երկրով տարանցիկ փոխադրումների հիմնական շուկան Ամերիկան ու Եւրոպան են: Եւ, մասնագետի տեղեկացմամբ, եթե բնական թմրամիջոցների հայրենիքն Աֆղանստանն ու Մյանմարն են, ապա սինթետիկ թմրանյութեր կարող են արտադրվել ամենուր:

Ինչպես փաստեց ՀՀ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության  թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության օպերատիվ տեղեկատվության բաժնի պետ Արթուր Մինասյանը, սինթետիկ թմրանյութերի արտադրման մի դեպք վերջերս բացահայտվել է մեր հանրապետությունում. ձերբակալվել է հանցավոր խումբ, որն ուներ ընդհատակյա լաբորատորիա, որտեղ ամֆետամին կոչվող թմրանյութ էր արտադրվում: Փորձագետի փաստմամբ՝  խմբի բոլոր անդամները քրեական պատասխանատվության ենթարկվեցին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ