Ստամբուլում մեկնարկել է ՍԾՏՀ գագաթաժողովը
Ստամբուլում այսօր` հունիս 26-ին, բացվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության հոբելյանական 20-րդ գագաթաժողովը: Հայաստանը գագաթաժողովին կներկայացնի փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը, գրում է “Երկրամասը”` հղում անելով ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությանը:
Հայաստանն այս կազմակերպության հիմնադիրներից մեկն է: 1992-ի հունիսի 25-ին Ստամբուլում գագաթաժողով հրավիրվեց, որի ժամանակ Սեւծովյան տարածաշրջանի 11 երկրների` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ալբանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի ղեկավարները հռչակագիր ստորագրեցին ՍԾՏՀ ստեղծման մասին: Սերբիան կազմակերպության անդամ դարձավ 2004-ին:
Հարկ է նշել, որ Հայաստանը գագաթաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել նախագահի մակարդակով, սակայն կմասնակցի ԱԳ փոխնախարարի մակարդակով:
Գագաթաժողովը կղեկավարեն Թուրքիան եւ Սերբիան: Այս 2 երկիրը ղեկավարում են կազմակերպությունը 2012-ին: Գագաթաժողովին կքննարկվեն հարաբերությունների զարգացումը, կստորագրվի ստամբուլյան հռչակագիրը:
Սպասվում է, որ կքննարկվեն նաեւ տարածաշրջանի “սառեցված” հակամարտությունների կարգավորման ուղիները: