22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այս փաստաթղթի դրույթներով մարտահրավեր է նետված Հայաստանի ու Արցախի գոյությանը․ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանի խորհրդարանը պարտավոր է արձագանքել ու գնահատական տալ Թուրքիայի ու Ադրբեջանի խորհրդարանների կողմից վավերացված «Շուշիի հռչակագրին»։ Այդ փաստաթղթի դրույթներով մարտահրավեր է նետված ՀՀ անկախության հռչակագրին, Հայաստանի ու Արցախի գոյությանը։
Բլեֆ են այն խոսակցությունները, թե, իբր, Թուրքիայից դրական ազդակներ են գալիս ու հայ–թուրքական հարաբերությունները կարգավորելու ներկա գործընթացն, իբր, առանց նախապայմանների է։
«Շուշիի հռչակագիրը» վավերացնելով՝ Ադրբեջանն ու Թուրքիան լրիվ այլ ազդակներ են հաղորդում և այդ ազդակներին Հայաստանից համարժեք արձագանք պետք է լինի։
Ձեզ եմ ներկայացնում ԱԺ հայտարարության տեքստի նախագիծը, որը դրել ենք շրջանառության մեջ և առաջարկում ենք խորհրդարանին ընդունել այն։
․ ․ ․
ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն իր խոր մտահոգությունն է հայտնում օկուպացված Շուշիում 2021թ․ հունիսի 15–ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած հռչակագրի՝ Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից վավերացման կապակցությամբ։
Այդ հռչակագրով կնքվել է թուրք–ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում։
Թեև փաստաթղթում նշված է, որ այն չի ստեղծվել երրորդ կողմի դեմ, այդուհանդերձ դրա ողջ բովանդակությունն ուղղված է Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, հայ ժողովրդի դեմ։ Այն արձանագրում է Արցախի Հանրապետության դեմ 44-օրյա ագրեսիա իրականացրած երկու պետությունների ռազմավարական նպատակներն՝ ընդդեմ Արցախի ժողովրդի ինքնորոշման, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ցեղասպանություն վերապրած աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքների։
Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձևակերպումները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ համատեղ ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար։
Դատապարտելի է երկու պետությունների պայմանավորվածությունը՝ պայքարելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ՝ հարցի բովանդակությունը խեղաթյուրելով և այն տանելով պատմագիտական ուսումնասիրության տիրույթ։
Շուշիի հռչակագրի հիմքում ընկած է ոչ թե ՄԱԿ կանոնադրությունը կամ ԵԱՀԿ-ի կողմից ընդունված անվտանգության սկզբունքը, այլ «ցեղային անվտանգության» մոտեցումը։ Այն հակասում է միջազգային իրավունքի հիմնական նորմերին։ Համաձայն Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969թ․ Վիեննայի կոնվենցիայի՝ միջազգային բոլոր պայմանագրերը, որոնք հակասում են ընդհանուր միջազգային իրավունքի իմպերատիվ նորմերին, առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն։
ՀՀ Ազգային ժողովը հայտարարում է՝
Շուշիի հռչակագիրը՝ իր սադրիչ և ապակառուցողական բնույթով, անընդունելի է ՀՀ-ի համար։ Այն լրջագույն մարտահրավեր է տարածաշրջանային ու գլոբալ անվտանգությանը, չի նպաստում մեր տարածաշրջանի խաղաղ զարգացմանը, հակասում է «առանց նախապայմանների» սկզբունքի հիման վրա հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը ու լուրջ կասկածներ առաջացնում պաշտոնական Անկարայի իրական վարքագծի ու մտադրությունների առումով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ