«Հասել ենք մի կետի, երբ սահմանից զինծառայողներ են կորում, տարօրինակ պայմաններում գերեվարվում»․ Տիգրան Աբրահամյան
«Հետպատերազմյան ժամանակահատվածում, երբ թվում էր, որ իշխանության առաջին անելիքը պետք է լիներ Հայաստանի և Արցախի պաշտպանական համակարգերի վերականգնումը, նույն իշխանությունը կա՛մ պոպուլիզմով է զբաղված, կա՛մ հանդես է գալիս միայն այնպիսի նախաձեռնություններով, որոնք հանրության շրջանում զուտ հուզական, զգայական էֆեկտ են ստեղծում»,- ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Պատգամավորը համոզված է, որ Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով արձանագրվող մահվան կամ վիրավորման դեպքերը, ՀՀ տարածք թշնամու անարգել ելումուտը, ՀՀ քաղաքացիների առևանգումները, ադրբեջանական կամայականությունների, ագրեսիայի հետևանքով ՀՀ սուվերեն տարածքի կորուստները հետևանք են անվտանգային համակարգում ոչ բավարար ջանքերի գործադրման և հաստատում առ այն, որ իշխանությունն այս ուղղությամբ լուրջ միջոցառումներ իրականացնելու կամք և ցանկություն չունի։
«Հասել ենք մի կետի, երբ սահմանից զինծառայողներ են կորում, անհայտ տարօրինակ պայմաններում գերեվարվում, ու սրա պատասխանատուները գրեթե ամենօրյա ռեժիմով, անմեղ դեմքով խոսում են մեր երկրի առաջընթացի և ապագայի մասին»,- շեշտեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը։
Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նաև 2021 թ․ նոյեմբերի 16-ի ագրեսիայի հետևանքով հայկական զինուժի գերեվարված երեսուներկու զինծառայողների ճակատագրին՝ հիշեցնելով, որ նրանցից վեցը դեռ շարունակում է մնալ գերության մեջ, իսկ հայրենադարձված զինծառայողների մի մասի նկատմամբ քրգործեր են հարուցված։
«Այդ զինծառայողների մեջ այնպիսիները, որոնք երկար տարիներ ծառայել են ՀՀ և ԱՀ տարբեր զորամասերում, մարտական հերթապահություն կրել, մարտական գործողությունների մասնակցել, վիրավորվել, սակայն, չգիտես, թե ինչու՝ իշխանությունն այս մարդկանց առանց օրինական դատավճիռների նշանակել է մեղավորներ ու խաչ քաշել մարդկային ճակատագրերի վրա։
Այդ զինծառայողներից մեկը՝ Արեն Արամյանը, որն ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում է ստացել և կալանքի տակ է, անհրաժեշտ բուժում ստանալու հնարավորություն այսօր էլ չունի։
Երկար ժամանակ է՝ որևէ տեղեկություն չկա 44-օրյա պատերազմի և դրանից մեկ ամիս անց Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերում գերեվարված զինծառայողների ճակատագրերի մասին։ Չնայած հանգամանքին, որ իշխանության ստեղծած անվերահսկելի քաոսի պայմաններում այդ ուղղությամբ ծառայություն կրող զինծառայողները հայտնվել են անելանելի վիճակում, բայց այս դեպքում ևս՝ իշխանությունը նախապես մեղավորներ է նշանակել, զինծառայողների է կալանավորել՝ փորձելով ցույց տալ, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրել են այդ հատվածում ծառայություն իրականացնող ստորաբաժանումները, զինծառայողները, իսկ իշխանությունը, ինչպես միշտ, դիտորդի կամ տուժողի թիկնոց կրելով՝ շարունակում է արդարանալ և մոլորեցնել հանրությանը»,- եզրափակեց պատգամավորը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զարուհի Դիլանյան
168.am