Հին ու Նոր Ամանոր
Նոր տարին, Ամանորը կամ Կաղանդը հայոց տոնածիսական համակարգում եղել և մնում է ամենասիրված ու սպասված տոնը: Անցյալում հայոց մեջ տարեսկիզբը համընկել է տնտեսական տարվա սկզբին՝ գարնանամուտին: Տոմարի զարգացման հաջորդ փուլում տարեսկիզբ է համարվել Նավասարդ ամսի Արեգ օրը, որը համապատասխանում է հուլյան տոմարի օգոստոսի 11-ին և կոչվել է Ամանոր կամ Նավասարդ: Ըստ ավանդության՝ այդ օրը Հայկ Նահապետը մենամարտել և հաղթել է Բելին: Նավասարդը համընկնելով բերքահավաքի հետ՝ վերածվում էր իսկական բերք ու բարիքի տոնի: Հայ աշխատավորները սեղանին էին դնում իրենց առաջին բերքը, իսկ տանտիրուհիները` իրենց ձեռքով պատրաստած անուշեղենը և չոր մրգերը: Հետագայում՝ հուլյան տոմարին անցնելուց հետո (18-րդ դար), մեր ժողովուրդն էլ քրիստոնյա շատ ժողովուրդների նման տարեմուտի առաջին օրը նշում է հունվարի 1-ին, իսկ Նավասարդ-Ամանորն էլ սկսում է կոչվել Նոր տարի (Սիմեոն Երևանցի կաթողիկոսի ժամանակ նշվում էր դեռևս հունվարի 6-ին): Այսօր Նոր տարվա տոնակատարությունները մեր ժողովուրդը նշում է հունվարի 1-6-ը, իսկ հունվարի 6-ին եկեղեցու հետ միասին` Քրիստոսի Ծննդյան և Մկրտության տոնը (Ջրօրհնեք):
Տոնի նախապատրաստությունների առանցքը կազմում էին բազմազան խմորեղենը, որոնց մեջ առաջին հերթին առանձնանում էր հաց թխելու արարողությունը: Նոր տարին պետք էր նոր հացով սկսել, իսկ նոր հացն էլ՝ նոր թթխմորով: Առանձին արարողության էր վերածվում ծիսական հացի պատրաստումը: Հայաստանի տարբեր շրջաններում ծիսական հացն ուներ տարբեր անվանումներ` Կրկենի, Կլոճ, Փառնիկ, իսկ ամենատարածվածը` Տարի հացն էր: Այն պատրաստվում էր ալյուրով ու մեղրով` բացառելով կաթի, մածունի, կարագի, յուղի օգտագործումը: Ծիսական հացի մեջ որևէ նշան էր դրվում (հիմնականում՝ դրամ): Հացը կտրվում ու բաժանվում էր ընտանիքի բոլոր անդամներին: Ում ընկնում էր նշանը, համարվում էր այդ տարվա հաջողակը: Շատ վայրերում Տարի հացից բաժին էին հանում նաև կենդանիներին, արտին, հանդին, այգուն:
Տոնածառի երևույթը: Ծառի, բնության պաշտամունքը մեզանում գոյություն է ունեցել շատ վաղ ժամանակներից և կապվել է հոգու անմահության ու կյանքի հավերժության գաղափարի հետ: Հայոց մեջ պաշտամունքի խորհրդանիշ են եղել սոսին, ուռենին և բարդին: Ծառը համարվել է նաև ընտանիքի, գերդաստանի հավերժության խորհրդանիշ` Կենաց ծառ, և պատահական չէ, որ այսօր էլ, երբ փորձում են ամբողջացնել գերդաստանի պատկերը, դա անում են ծառի տեսքով:
Հնագույն ժամանակներից եկել ու քրիստոնեության շրջանում որոշակի փոփոխությունների է ենթարկվել նաև Ձմեռ պապի խորհուրդը: Վաղ ժամանակներում, դեռևս բարեկենդանի տոնակատարությունների ժամանակ, ընդունված էր դիմակներով հանդես գալու, երեխաներին զվարճացնելու և նվերներ բաժանելու սովորույթը: Սուրբ Սարգսի տոնից որոշ ժամանակ անց նշվում էր սուրբ Պարթևի օրը, որն անվանում էին Մենծ Պապուկի տոն: Այդ օրը իսկական տոնախմբության էր վերածվում հատկապես երեխաների համար: Ընտանեկան խրախճանքի ժամանակ տան մեծը աննկատ դուրս էր գալիս, գլխին դնում սրածայր գլխարկ (քոլոզ), դեմքին` բրդից սարքած բեղ ու մորուք, մեջքին` մեծ տոպրակ՝ մեջը նվերներ, ձեռքին գավազան և ներս մտնում: Նրա կերպարանափոխությունը մեծ ուրախություն էր պատճառում բոլորին: Սկսվում էին երգն ու պարը, կատակները: Վերջում Մենծ Պապուկը նվերներ էր բաժանում երեխաներին: Հետագայում փոխվում է երեխաներին նվեր բերող Մենծ Պապուկի ոչ միայն ժամանակը, այլև արտաքին տեսքը, և նա դառնում է սպիտակամորուս Ձմեռ պապ, որը հյուր է գալիս Նոր տարվա գիշերը:
«Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ