18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բաց նամակ Արցախի նախագահին

Հարգելի Բակո Սահակյան,

Արցախում մասնավոր տեղեկատվական հեռուստաալիքի բացման անհրաժեշտությունը բազմիցս շոշափվել է լրագրողական եւ հանրային շրջանակներում։ Նշվել է, որ ժողովրդավարական պետության անբաժան բաղադրիչներն են ներքին քաղաքական ու հասարակական գործընթացների թափանցիկությունը եւ այդ դաշտերում գործող ուժերի առողջ մրցակցությունը։ Ակնհայտ է, որ միջազգային ճանաչում հայցող երկրում անկախ տեղեկատվական հեռուստատեսության բացակայությունը բացասական քաղաքական գործոն է։

Արցախի լրատվական դաշտում 2007 թվականից գործող “Միքս Մեդիա” ընկերությունը սույն թվականի սեպտեմբերի 11-ին “Արցախկապ” ՓԲԸ հետ կնքել է թվային հեռուստատեսության ցանցի բաժանորդներին անվճար՝ չկոդավորված հեռուստառադիո ծրագրերի տարածման մասին պայմանագիր։ Հեռուստատեսային ծրագրեր արտադրելու համար “Միքս Մեդիա” ընկերությունը ներգրավել է ԼՂՀ-ում գործող “Ազգային ռադիո եւ հեռուստատեսություն” ընկերությանը։

Մենք՝ “Ազգային ռադիոյի եւ հեռուստատեսության” հիմնադիրներս, նոր հեռուստաալիքի նախագիծը սույն թվականի հոկտեմբերի 20-ին ներկայացրել ենք Ձեզ՝ “Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռուստառադիոընկերությունների համագործակցության ամրապնդման եւ ոլորտի հետագա զարգացման ուղիները” թեմայով համաժողովի ժամանակ։ Ընդ որում, ժողովի մասնակիցների կողմից այդ նախաձեռնության դեմ առարկություն չի եղել։

Կնքված պայմանագրի համաձայն, սկսած նոյեմբերի 1-ից, “Միքս Մեդիա” ընկերությունը սկսել է թվային հեռուստաալիքի տեխնիկական թեսթավորումը, իսկ “Ազգային ռադիո եւ հեռուստատեսություն” ընկերությունը՝ հեռուստատեսային ծրագրերի պատրաստումը։

Սույն թվականի դեկտեմբերի 8-ին “Արցախկապ” ՓԲԸ տնօրինությունը մեզ տեղեկացրել է, որ ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը պահանջել է դադարեցնել գործող պայմանագիրը։

Դեկտեմբերի 11-ին եւ 12-ին “Միքս Մեդիա” ընկերության տնօրենը հանդիպումներ է ունեցել “Արցախկապի” տնօրենի, ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալի եւ նախարարի հետ։ Մենք լսեցինք ԼՂՀ պաշտոնատար անձանց՝ իրենց որոշումները հիմնավորող բացատրությունները եւ ներկայացրինք այդ որոշման հետեւանքով առաջացող քաղաքական ու նյութական խնդիրների ցանկը։

ԼՂՀ ԱԵ նախարար Հակոբ Ղահրամանյանը պնդեց իր կողմից կայացրած որոշումը՝ արգելել նոր հեռուստաալիքի բացումը եւ չընդունեց այդ որոշմամբ պատճառվող վնասերի հատուցման համար պատասխանատվությունը։

Համաձայն ԼՂՀ-ում գործող օրենսդրության՝ նախարարը չի կարող իր հրահանգով կասեցնել գործող քաղաքացիաիրավական պայմանագրի ընթացքը։ Եթե նախարարը համարում է, որ “Արցախկապ” ՓԲԸ-ն կնքել է գործարք, որի համար լիազորված չէ, ապա ըստ օրենքի` նախարարությունը պետք է դիմի դատարան այդ գործարքը անվավեր ճանաչելու հայցով։ Դրա փոխարեն, նախարարը “Արցախկապ” ՓԲԸ-ին հրահանգել է եթերից անջատել նոր հեռուստատեսության ալիքը, իրեն վերապահելով դատական իշխանության բացառիկ իրավասությունը։

Մենք գտնում ենք, որ ԼՂՀ ԱԵ նախարար Հակոբ Ղահրամանյանի միջամտությունը “Միքս Մեդիա” եւ “Արցախկապ” ընկերությունների միջեւ գործող իրավահարաբերություններին անօրինական է։ Պաշտոնատար անձի այդ ապօրինի գործողությունն ուղղված է հանրության եւ պետության շահերի դեմ, ոտնահարում է մասնավոր ընկերությունների իրավունքները եւ նրանց հասցնում է նյութական վնաս։

Բնական է, որ մասնավոր ընկերությունները, ի դեմս մեզ, իրենց օրինական շահերը պաշտպանելու համար ստիպված են լինելու դիմել դատարան եւ իրազեկել հանրությանը նոր հեռուստաալիքի բացմանը խոչընդոտող հանգամանքների մասին։

Ակնհայտ է, որ նման տեսակի վեճերը շոշափում են երկրում խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցը։

Հաշվի առնելով տվյալ հանգամանքը, խնդրում ենք կասեցնել ԼՂՀ բարձրագույն պաշտոնատար անձի անօրինական միջամտությունը` ուղղված մասնավոր ԶԼՄ-ի բնականոն աշխատանքը սահմանափակելուն։

 

Հարգանքներով՝

ԱՆԱՀԻՏ  ԹԱՐԽԱՆՅԱՆ

“Ազգային ռադիո եւ հեռուստատեսություն” ՍՊԸ  հիմնադիր

 

ՎԱՐՈՒԺԱՆ  ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

“Միքս Մեդիա” ՍՊԸ տնօրեն, “Ազգային ռադիո եւ հեռուստատեսություն” ՍՊԸ հիմնադիր

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ