Սերգեյ Սմբատյան. Դասական արվեստին մոտենալու եւս մեկ քայլ՝ “Տաշիրի” աջակցությամբ
Ինչպես արդեն տեղեկացվել է, Ամանորյա տոների առթիվ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը պատրաստել է “ՀայՖիլմ Non-Stop” եւ “Cartoon նոն ստոպ” համերգային ծրագրերը, որոնց հովանավորներն են համապատասխանաբար “Տաշիր” բարեգործական հիմնադրամը եւ “Տաշիր պիցցան”:
“ՀայՖիլմ Non-Stop” համերգային ծրագրի առթիվ “Տաշիր” բարեգործական հիմնադրամի հասցեով ստացվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նամակը, ուր մասնավորաբար նշված է.
“Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ ուրախ է, որ այսպիսի եզակի ձեւաչափով եւ աննախադեպ ծրագրի իրականացման հարցում մեր կողքին է «Տաշիր» բարեգործական հիմնադրամը: Այս նախագիծը ծրագրվել էր դեռեւս 2012 թվականին, սակայն դրա իրականացումը հնարավոր դարձավ միայն հիմա՝ հաղթահարելով առաջացած բոլոր դժվարությունները: Արդյունքում, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ “Տաշիր” բարեգործական հիմնադրամի ջանքերով հանդիսատեսը հնարավորություն է ստանում ունկնդրել հայկական կինեմատոգրաֆիայի գլուխգործոցներ համարվող ֆիլմերի սանունդթրեքները:
Հենց “Տաշիր” բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հնարավոր եղավ վերծանել եւ թվայնացնել ֆիլմերի համար գրված ստեղծագործությունների նոտաները:
Վստահ ենք, որ նոտաների վերծանումը եւ թվայնացումը հնարավորություն կտա, որպեսզի արդեն 21-րդ դարում եւ հետագայում եւս այս ստեղծագործությունները, որոնք մոռացության մատնվելու վտանգի մեջ էին, շարունակվեն կատարվել եւ հաճույք պատճառել մեր երաժշտասեր հանդիսատեսին, քանզի ծրագրի մեջ ընդգրկված են հայտնի եւ սիրված ֆիլմերի համար գրված՝ հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:
Կատարելով երաժշտություն հայկական ֆիլմերից, որոնք հանդիսանում են մեր ֆիլմադարանի գլուխգործոցները եւ որոնց երաժշտությունը յուրաքանչյուր հայի մեջ միշտ բարի եւ հաճելի հուշեր է արթնացնում, հնարավորություն է ընձեռվում հայ հանդիսատեսին եւս մեկ քայլ մոտենալու դասական արվեստին:
Անչափ հաճելի է համագործակցել “Տաշիր” բարեգործական հիմնադրամի հետ, որը միշտ ողջունում եւ սատարում է մշակույթի զարգացմանն ուղղված մեր նախաձեռնությունները:
Սերգեյ Սմբատյան
ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր: