Ամփոփվել են ԵՄ օժանդակությամբ ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած Թվինինգ ծրագրի արդյունքները
Այսօր ՛՛Կոնգրես՛՛ հյուրանոցում կազմակերպված սեմինարում ամփոփվել են Եվրոպական Միության օժանդակությամբ և ֆինանսավորմամբ ՀՀ բնապահպանության նախարարության ներքո 2013 թվականի հունվարի 15-ից մեկնարկած ՛՛Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում՛՛ AM10/ENP-PCA/EN/06 Թվինինգ ծրագրի արդյունքները: Ծրագիրն իրականացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության, շինարարության ու միջուկային անվտանգության դաշնային նախարարության և վերջինիս կոնսորցիալ գործընկեր իսպանական “Տրագսա Գրուպ” կազմակերպության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է օժանդակել ՀՀ բնապահպանության նախարարությանը Հայաստանում ներդնելու բնապահպանական համալիր թույլտվությունների տրամադրման և հսկման համակարգ` Լավագույն հասանելի տեխնոլոգիաների (ԼՀՏ) կիրառմամբ:
Ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ խնդրո առարկա է հանդիսանում ինչպես բնապահպանական համալիր թույլտվությունների տրման նոր և առաջադեմ գործիքները ՀՀ իրավական համակարգ ներմուծելը, այնպես էլ նախատեսվող ինստիտուցիոնալ հարցերի կարգավորումը, որոնք պետք է ապահովեն թույլտվության տրամադրման պայմանների և ընթացակարգերի ինտեգրումը կամ առնվազն լիովին համակարգումը:
Բնապահպանության նախարարը հայտնել է, որ ներկայում Հայաստանում նախադրյալներ են ստեղծված ՛՛Մեկ պատուհան՛՛ սկզբունքի կիրառմամբ բնապահպանական միասնական թույլտվությունների տրման կառավարման նոր ձևին անցնելու համար` հնարավորինս կրճատելով վարչարարությունը, ինչի արդյունքում կթեթևանա թե´ կառավարման մարմինների, թե´ տնտեսվարող սուբյեկտների բեռը: Այն իր հերթին կնպաստի շրջակա միջավայրի պահպանությունն էկոհամակարգային մոտեցմամբ ապահովելուն և նոր կառավարման գործիքների ու ընթացակարգերի ներդրմամբ բնապահպանության ոլորտի կառավարման համակարգը բարեփոխելուն: ՛՛Այն կապահովի մթնոլորտի, ջրային ռեսուրսների և հողերի աղտոտման ու շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ֆիզիկական ներգործությունների համալիր կանխարգելումը կամ նվազեցումը, առաջացող թափոնների կրճատումը, էներգախնայողության ապահովումը և արդյունաբերական վթարների կանխարգելումը՛՛,- շեշտել է Արամայիս Գրիգորյանը և հավելել, որ ձևավորված են նախադրյալներ համակարգված հսկողության ու վերահսկողության իրականացման համար:
Բնապահպանության նախարարը կարևորել է միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Եվրոպական Միության հետ սերտ համագործակցությունն ու տրամադրվող աջակցությունը` բնապահպանական առաջադեմ կառավարման համակարգի ներդրման հարցում առավել շոշափելի արդյունքների հասնելու համար:
Շնորհակալություն հայտնելով ծրագրի նախապատրաստման և իրականացմանը ակտիվ մասնակցած շահագրգիռ կողմերին՝ նախարարը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ իրականացված Թվինինգ ծրագիրը կդառնա այն հիմնաքարը, որի ներդրմամբ կյանքի կկոչվեն ոլորտի կառավարման առաջադեմ բարեփոխումներն ու զարգացումը:
Իր ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը շնորհավորել է ՀՀ բնապահպանության նախարարությանը ծրագիրն արդյունավետ իրականացնելու համար և նկատել, որ այն հիմքեր է ստեղծում հետագայում նոր ծրագրեր իրականացնելու համար: Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը մինչ օրս ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում իրականացրել է 12 թվինինգ ծրագիր:
Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բինհ Աջեմյանը նկատե է, որ Թվինինգ ծրագիր ՀՀ բնապահպանության նախարարության հետ իրականացվում է առաջին անգամ և կարևորել նրանից բխող օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացումը: Բանախոսը շեշտել է ծրագրի շրջանակներում ՀՀ տարբեր գերատեսչությունների արդյունավետ համագործակցության փաստը:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը կարևորել է Թվինինգ ծրագիրը, քանի որ այն վերաբերում է Հայաստանի շրջակա միջավայրի պաշտպանությանը, ինչը հնարավորություն կտա վերահսկելու տնտեսվարողների կողմից շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը: Դեսպանը արձանագրել է ծրագրի շրջանակներում Հայաստանի, Գերմանիայի և Իսպանիայի համագործակցության փաստը:
Սեմինարին ամփոփվել է Թվինինգ ծրագրի արդյունքները, որոնցում առավելագույնս հաշվի են առնվել Հայաստանի իրավական դաշտի և ինստիտուցիոնալ առանձնահատկությունները:
——
Ծրագրի իրականացման ժամկետը 24 ամիս էր, իսկ սահմանված բյուջեն` 1 մլն եվրո:
Ծրագիրն ուներ 4 բաղադրիչ, որոնց շրջանակները ներառել են`
օրենսդրական և ինստիտուցիոնալ կարգավորում, մասնավորապես, շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելման, համալիր թույլտվությունների տրման, բնապահպանական հսկողության ու վերահսկողության իրականացման, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների նկատմամբ մոնիթորինգի իրականացման ու վիճակի գնահատման և տեղեկատվական հոսքերի կառավարման ուղղությամբ
հզորությունների ամրապնդում (ուսուցում, վերապատրաստում, փորձի փոխանակում և այլն) և 2 փորձնական ծրագրերի իրականացում:
Շուրջ 2 տարվա ընթացքում Ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակներում`
մշակվել են 24 տեխնիկական փաստաթղթերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթներ, այդ թվում` ուղեցույցների, հրահանգների և օրենսդրական բարեփոխումների ու ձևաչափերի վերաբերյալ
իրականացվել են մի շարք միջոցառումներ` կադրերի ուսուցման, վերապատրաստման և փորձի փոխանակման ուղղությամբ,
իրականացվել են 2 փորձնական ծրագրեր (՛՛Արաքս թռչնաֆաբրիկա՛՛ՓԲԸ և ՛՛Մաքուր երկաթի գործարան՛՛ՓԲԸ):