Աղջկա ընկերուհուն այրողին՝ 13 տարի ազատազրկում. Առավոտ

Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Էդուարդ Մանուկյանը 13 տարի ազատազրկման դատապարտեց Գյումրու պոլիտեխնիկական ինստիտուտի նախկին շենքի կիսանկուղային հատվածում 8 ամսական երեխայի մորը` 21-ամյա Մարի Դավթյանին այրած Գեւորգ Թադեւոսյանին: Թերթը հիշեցնում է, որ 51- ամյա այս տղամարդը այրել էր երիտասարդ կնոջը, իբրեւ թե իր դստերը` Ալվարդիկին, մարմնավաճառությունից հետ պահելու համար: Մարին ու Ալվարդը մոտ ընկերուհիներ էին, ովքեր մեծամասամբ 2000 դրամով “գործ էին անում” Գյումրու կայարանում գտնվող տնակային պարի դպրոցում:
“Գեւորգ Թադեւոսյանը մինչեւ վերջ չխոստովանեց իր հանցագործությունը: Դատարանն երեկ վերաորակեց նրա արարքը. քանի որ Գեւորգ Թադեւոսյանը սկզբում բռունցքով հարվածել ու գցել էր Մարիին, նրան թվացել էր, թե երիտասարդ կինը մեռած է ու տարել էր պոլիտեխնիկական ինստիտուտի մոտ իր արածի հետքերը ծածկելու` նրա դիակը այրելու: Սակայն պարզվում է, որ Մարին ուշագնաց է եղել, ու Գեւորգ Թադեւոսյանը փաստացի այրել է կենդանի մարդուն:
Փաստորեն, եթե նախկինում նրան մեղադրում էին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ, ապա դատարանը վերաորակավորեց հոդվածը` գտնելով, որ նա ապօրինաբար կյանքից զրկել է երիտասարդ կնոջը”,-գրում է թերթը: