Մուսա լեռները` Չեխիայում
Հունիսի 18-20-ը Պրահայում Չեխիայի վարչապետ Պետր Նեչասի բարձր հովանու ներքո անցկացվող ‘9 դարպաս’ փառատոնի շրջանակներում ‘Չարիքի հնէաբանության’ ուսումնասիրման կենտրոնը կազմակերպել էր «Մուսա լեռներ’ խորագրով գիտաժողովը:
Պրահայի ‘Վիոլա’ թատրոնում տեղի ունեցած բացման արարողությանը ելույթներ ունեցան չեխ հանրահայտ հեռուստամեկնաբան եւ հրապարակախոս, Հոլոքոստի վերապրածների զավակ Պավել Ջունան եւ Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Դեսպանն իր խոսքում անդրադարձավ Ֆրանց Վերֆելի ‘Մուսալեռան 40 օրը’ ստեղծագործությանը՝ նշելով, որ Չեխիայի հայ համայնքը ամեն տարի ապրիլի 24-ին հարգանքի տուրք է մատուցում նաեւ մեծանուն նովելիստին՝ ծաղիկներ դնելով Պրահայում գտնվող նրա տան շեմին: Այնուհետեւ դեսպանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրին՝ միաժամանակ մասնակիցներին ներկայացնելով Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականությունը: Արարողության ավարտին DG307 համույթը ներկայացրեց չեխ հայտնի գրող Պավել Զայիչեկի գրական-երաժշտական նոր կոմպոզիցիան՝ հեղինակի մասնակցությամբ:
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին Պրահայի Կարլի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում: Մուսա լեռան ինքնապաշտպանության մասին հանգամանալից զեկույցով հանդես եկավ Նորթրիջի Կալիֆորնիայի նահանգային համալսարանի պրոֆեսոր, հայկական ուսումնասիրությունների ծրագրի տնօրեն, ծագումով մուսալեռցի Վահրամ Շեմմասյանը: Հայոց ցեղասպանությանը եւ պաշտոնական Անկարայի ժխտողական քաղաքականությանը հանգամանալից անդրադարձավ նաեւ Շվեդիայի Ուփսալայի համալսարանի պրոֆեսոր Փոլ Լեւինը: Ցուցադրվեց Էնդրյու Գոլդբերգի ‘Հայոց ցեղասպանությունը’ փաստավավերագրական ֆիլմը: