Հայաստանին աշխարհաքաղաքական քարտեզի վրա պահողն այսօր Սյունիքն է․ Արմեն Ռուստամյան
Տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանն առերևույթ միտված նորօրյա գործընթացում Հայաստանը կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջև՝ խաղաղություն՝ շնորհիվ Հայաստանի ուժեղացմա՞ն, թե՞ ի հաշիվ Հայաստանի թրքացման, «ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգները և հաղթահարման ուղիները» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ վերլուծելով տարածաշրջանային գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա։
Նա շեշտեց, որ հարավկովկասյան տարածաշրջանում, որտեղ դերակատար երկրների շահերի բախման հետևանքով ազդեցության գոտիների նոր վերաբաշխում է տեղի ունենում, Հայաստանի համար ձևավորվելիք աշխարհաքաղաքական քարտեզը մեծապես կախված է լինելու նրանից, թե մինչև ուր կհասնի Թուրքիան՝ իր նեոօսմանական ծրագրի իրականացման ճանապարհին։ Այս մարտահրավերը, ըստ Արմեն Ռուստամյանի, միայն Հայաստանին չէ ուղղված։
«Թուրքիան իր ռազմավարական շահերի գոտի է հռչակել մոտ 70 պետություն, որտեղ բնակվում են թրքալեզու ժողովուրդներ։ Իսկ այն երկրները, որտեղից կարող են սպառնալիքներ բխել նեոօսմանական ծրագրերին, թիրախավորված են որպես պանթուրքիզմի խոչընդոտներ։ Ռազմավարական այս մակարդակի վրա է, որ դրսևորված է Հայաստանի հետ այս կամ այն չափով աշխարհաքաղաքական շահերի և սպառնալիքների ընդհանրություն ունեցող երկրների շրջանակը», – ասաց Արմեն Ռուստամյանը։
Այս շրջանակում, ըստ Արմեն Ռուստամյանի, ոչ միայն տարածաշրջանային դերակատարներ Ռուսաստանն ու Իրանն են, այլև Չինաստանն ու Հնդկաստանը, շրջանակն ընդլայնվում է մինչև Արևմուտք՝ Միջերկրածովյան ավազան։
«Եվ հենց այս երկրների ռազմավարական շահերից նաև չի բխում, որ Հայաստանը կորցնի իր աշխարհաքաղաքական նշանակությունը և պանթուրանական աքցանի մեջ ընկնելով՝ վերջնականապես հայտնվի, այսպես կոչված, աշխարհաքաղաքական պարկում։ Այդ պարկից Հայաստանը հանողը և աշխարհաքաղաքական գծի վրա պահողն այսօր Սյունիքն է», – ընդգծեց Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը, որպես պետություն, աշխարհաքաղաքական այս բարդ վերադասավորումների ժամանակահաշրջանում պետք է գիտակցի որպես գործոն՝ Սյունիքի և Արցախի դերը, թուրքական սպառնալիքը չեզոքացնելու և սերունդների շահերը սպասարկելու տեսանկյունից չսպասի թուրքական բարեհաճությանն ու չառաջնորդվի «խաղաղություն» հաստատելու՝ թուրքական տեսլականով, ինչը հղի է անկախ պետականության փլուզման վտանգով։