Խորհրդարանական ընտրությունները լավագույնն էին Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում. Սարգսյան-Էշթոն հանդիպման օրակարգից
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն:
Հանրապետության նախագահը Բրյուսելում հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի հետ:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը: Կարեւորվել է Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցության զարգացումը: Անդրադարձ է եղել Ասոցացման համաձայնագրի, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման Հայաստան-Եվրամիություն բանակցություններին, մարդկանց տեղաշարժի դյուրացման, ինչպես նաեւ մեր երկրի բարեփոխումներին աջակցելու ձեւաչափի շուրջ ԵՄ-ի հետ ծավալված երկխոսությանը:
Նախագահ Սերժ Սարգսյանը վերահաստատելով Եվրոպական միության հետ Հայաստանի սերտ համագործակցության պատրաստակամությունը՝ ընդգծել է, որ անկախացումից ի վեր ԵՄ-ի հետ մեր երկրի մերձեցումը եւ եվրաինտեգրման քաղաքականությունը եղել եւ շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկը:
Հանդիպմանը երկուստեք կարեւորվել են Հայաստան-ԵՄ բարձր մակարդակի փոխայցելությունները:
Անդրադարձ է եղել ս.թ. մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին եւ տարածաշրջանային զարգացումներին: Եվրոպական Միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը նշել է, որ կարեւոր է շարունակել Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումները, թեեւ կայացած խորհրդարանական ընտրությունները, տիկին Էշթոնի խոսքով, լավագույնն էին Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում:
Այսօր, ինչպես հաղորդում են նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչոիւթյունից, ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: