Ողբերգական սպանությունների հեղինակը գերեզմանը նախապես չէր փորել
Տավուշի մարզի Նավուր գյուղի համայնքի ղեկավար Արամ Նիգոյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, որ երեկ իր կնոջն ու նրա հարազատներին սպանած 53-ամյա Վալենտին Սարգսյանը նախապես իր գերեզմանը փորել էր:
Հիշեցնենք, որ երեկ Վալենտին Սարգսյանը մտել էր աներոջ տուն եւ հայհոյանքներ տալով այնտեղ գտնվող իր կնոջը, աներորդուն, նրա կնոջը եւ մի քանի հոգու, սպառնացել էր, որ իր մոտ եղած նռնակը կպայթեցնի:
Վիճաբանության ընթացքում նա իր մոտ եղած նռնակը պայթեցրել էր, ինչի հետեւանքով ինքը, կինը՝ 62-ամյա Թամարա Հարությունյանը, աներորդու կինը՝ 60-ամյա Լիանետա Պետրոսյանը մահացել են, իսկ աներորդին՝ 62-ամյա Բորիս Պետրոսյանը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Բերդի բժշկական կենտրոն: Մամուլում դեպքից հետո եղան հրապարակումներ, որ Սարգսյանը նախապես գերեզմանոցում փորել էր տեղը, հետո գնացել այդ քայլին:
“Չեմ հասկանում, ում մտքով ինչ անցնում է, գրում է: Մարդու հայրը նոր էր մահացել, դեռ տարին չեն տվել ու գերեզմանոցում գործ էին անում: Ոչ մի նոր փոս չի փորվել: Ուղղակի գերեզմանաքարն էին դնում, ինչից հետո կատարվել է ողբերգությունը”,-ասաց գյուղապետը:
Նրա խոսքով, Վալենտինի վարքի մեջ տարօրինակ ոչինչ չի նկատվել: “Նորմալ փախհարաբերություններ ուներ համագյուղացիների հետ, շփվում էր, չհասկացանք ինչն էր պատճառը”,-ասաց Նիգոյանը: Գյուղապետը նաեւ նշեց, որ Վալենտինը դատապարտված է եղել, բայց Վանաձորում ապրելու տարիներին: Նավուրում նա ոչ մի զանցանք չի արել:
Ինչ վերաբերում է հիվանդանոցում գտնվող Բորիս Պետրոսյանին, ապա, ըստ գյուղապետի, նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելացնենք, որ Տավուշի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանություն՝ երկու կամ ավելի անձանց) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը եւ օգտագործելը) հատկանիշներով:
Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի