ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը պետք է իրականացվի համանախագահների աջակցությունը վայելող սկզբունքների հիման վրա. Փաշինյան
Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական համապարփակ և կայուն կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը վայելող հանրահայտ սկզբունքների հիման վրա: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ հանդիպման արդյունքում համատեղ հայտարարության ժամանակ
Լիտվայի վարչապետի հետ հանդիպմանը Փաշինյանը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի և վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած զարգացումների մասին: «Մասնավորապես, ես շեշտեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական համապարփակ և կայուն կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը վայելող հանրահայտ սկզբունքների հիման վրա: Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Լիտվայի որդեգրած հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը: Մենք նաև բարձր ենք գնահատում ձեր կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օգնությունը՝ դիմակայելու այն մարտահրավերներին, որոնց բախվել է մեր ժողովուրդը վերջին մեկ տարվա ընթացքում»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետն այս առումով երախտագիտությամբ հիշատակեց Հայաստանին 50 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու Լիտվայի որոշումը:
«Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որոնք վերացրեցին մեր հասարակությունում առաջացած լարվածությանը: Դրանք Հայաստանում տեղի ունեցած երկրորդ անընդմեջ ընտրություններն էին, որոնք միջազգային դիտորդների կողմից որակվել էին որպես ազատ, արդար և մրցունակ»,-ասաց վարչապետը:
Նա շեշտեց՝ ընտրությունների արդյունքում կառավարությունը մանդատ է ստացեl` աշխատելու ժողովրդի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ` մի ռազմավարական նպատակ, որն արձանագրված է կառավարության գործունեության ծրագրում:
«Այս առանցքային նպատակին մենք մտադիր ենք հասնել երկխոսության և մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման միջոցով: Մենք վճռական ենք անցնելու այս ճանապարհը: Սակայն, ափսոսանքով պետք է նշել, որ հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, ռազմագերիների վերադարձի խնդիրը, եռակող համատեղ հայտարարությունների կամայական մեկնաբանությունները և ագրեսիվ հռետորաբանությունը շարունակում են սրել իրավիճակը՝ խոչընդոտելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար այդքան անհրաժեշտ ամուր և հարատև խաղաղության հաստատմանը»,-ասաց վարչապետը: