24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Թշնամու ռազմավարական խնդիրն այդ ճանապարհների ապաշրջափակումն է, որպեսզի իր համար Սյունիքի տարածքով «միջանցք» բացի». Սեյրան Օհանյան

Թշնամին օգոստոսի 25-ից փակել է Սյունիքի մարզի Գորիս-Կապան և Գորիս-Որոտան ճանապարհը, որը բացելու համար երկու օր ընթացող բանակցությունները որևէ արդյունք չեն տվել։ Ճանապարհը փակելու հետևանքով իրանական բազմաթիվ բեռնատարներ են մնացել ճանապարհին, իսկ որոշ գյուղեր, մասնավորապես՝ Բարձրավանը, հայտնվել է մեկուսացման մեջ։

168.am-ի հետ զրույցում խոսելով Սյունիքի մարզում տիրող իրավիճակի և թշնամու կողմից ճանապարհները փակելու մասին, Արցախի հերոս, Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նշեց, որ այդ համատեքստում պետք է անդրադառնալ մի քանի հանգամանքների։

«Կառավարության ծրագիրն էինք քննարկվում, որի մեջ կարմիր թելով անցնում էր հետևյալը՝ այն իրավիճակում, որում հայտնվել ենք, դրա մեղավորն այսօրվա կառավարությունը չէ։ Երկրորդը՝ ինչ իրավիճակում էլ հայտնվենք, այդուհանդերձ պետք է այնպես անենք, որ խաղաղության թեզն առաջ տանելով՝ խաղաղ պայմաններ ստեղծենք տարածաշրջանում՝ թեկուզ ի հաշիվ Հայաստանի ու Արցախի, որովհետև այսօրվա պայմաններն են այդպես՝ պատերազմում անհաջողությունից ու պարտությունից հետո։

Այս ամենն արդյունք է նրա, որ Հայաստանի այն ուժերը (չգիտեմ՝ բանակի՞ց են եղել, թե՞ Ազգային անվտանգությունից), որոնք պետք է մեր սահմանում պաշտպանություն իրականացնեին առանց որևէ մի պայմանի, համոզված եմ՝ մեր երկրի իշխանությունների բանավոր ցուցումով թողել են այն ռազմավարական կետերը, նկատի ունեմ կարևոր բարձունքներ, ճանապարհային հատվածներ, որոնց մասին այսօր խոսվում է՝ Գորիս-Կապան-Մեղրի ճանապարհը, որոնք ադրբեջանցիները զբաղեցրել են։ Մերոնք առանց որևէ մի նախապայմանի են դրանք հանձնել, որովհետև եթե խոսում են սահմանային ճշտման մասին՝ սահմանագծում և սահմանազատում, ասում են՝ դրա համար պայմաններ են պետք, այսինքն՝ խաղաղության պայմանագիր, իսկ խաղաղության պայմանագիրն այսօր մեզ համար շատ վտանգավոր է լինելու, այն նշանակում է՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչում և ուղիղ հարված Արցախի ինքնորոշմանը։

Չկան այն իրավապայմանագրային պայմանները և չի ստեղծվել հանձնաժողով, որպեսզի այդ ճշտումները կատարեն»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ այս ստեղծված իրավիճակից օգտվում է Ադրբեջանը, որն իր շահերն է առաջ տանում։ Այդ ամենը երևում է սահմաններին խախտումների, սադրանքների տեսքով, սրան նաև նախորդում է Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունը՝ սկսած նրանից, որ Հայաստանը չի կարող անկախ պետություն լինել, ինքնիշխան չէ, չի կարող իրեն պաշտպանել, նրան բանակ պետք չէ և այլն, հետևաբար՝ Հայաստանը պարտավոր է այդ ճանապարհները բացել։

«Թշնամու ռազմավարական խնդիրն այդ ճանապարհների ապաշրջափակումն է, որպեսզի իր համար Սյունիքի տարածքով «միջանցք» բացի։ ԱԺ իմ ելույթում ես այս ամենին անդրադարձել եմ, ասել եմ, որ մենք չպետք է ընկնենք Ադրբեջանի «խաղաղության» խաբկանքի մեջ, որևէ ճանապարհ ու կետ չպետք է տանք և դրանք չպետք է բացվեն, որովհետև ճանապարհների ժամանակավրեպ ապաշրջափակումը բերելու է Հայաստանի խորը շրջափակման։ Ինձ թվում է՝ այս ամենը ՀՀ իշխանությունը չի գիտակցում, բայց եթե այսքան խոսելուց ու հուշելուց հետո նրանք ձևեր են թափում, թե չեն գիտակցում, նշանակում է, որ միտումնավոր են այդ ամենը տանում Հայաստանի համար դեպի հերթական պարտվողական քայլերի»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից Գորիս-Կապան ճանապարհահատվածի հայկական տեղանունները ադրբեջանական անվանումով արտաբերելուն, Սեյրան Օհանյանը նկատեց՝ այդ անվանումներն առաջին անգամ է լսում՝ չնայած քարտեզներին լավ ծանոթ է։

«Մենք միշտ օգտագործել ենք հայկական անվանումներ։ Հայաստանի ղեկավարը նաև երեկ խոսեց շրջանցող ճանապարհի մասին, որը Հյուսիս-Հարավ տարանցիկ ճանապարհ կառուցելու հենց սկզբնական հատվածում պլանավորված էր այդ ձևով ճանապարհ անցկացնելը, այսինքն՝ ավելի կարճ ճանապարհը չի անցնում այն դիրքերով, որոնք այսօր Ադրբեջանի ձեռքում են։ Դրանում էլ է նա շահարկում, ասում է՝ եթե դա մերն է, ապա ինչո՞ւ է ավելի խորքով ճանապարհը պլանավորվել։ Այդպես է պլանավորվել, որովհետև այն ավելի հարմար է, արդյունավետ է, կարճ ու անվտանգ է։ Ընդհանուր առմամբ ես չեմ հասկանում նրանց բանականության և տրամաբանության աստիճանը»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ մի քանի կիլոմետր Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի հատվածներում առաջ է եկել, մինչ օրս նրանք առաջ եկած հատվածներում են և հետ չեն գնում։ Սյունիքում մի քանի անգամ անցկացվել են բանակցություններ, որպեսզի թշնամին հետ գնա, սակայն ապարդյուն։ Հարակից գյուղերի ղեկավարներն ու բնակիչներն ասում են, որ թշնամու զինվորներն ինչ-որ քարտեզներով են առաջ եկել և պնդում են, թե վերադասից հրաման են ստացել, որ առաջ գան, քանի որ համարում են, որ այդ տարածքներն ադրբեջանական են։

Հիշեցնենք նաև՝ Արցախի 44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց Արցախի 75 տոկոսը հանձնելու փաստաթուղթը, որտեղ որևէ կետ ներառված չէր հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ, Փաշինյանի և Պաշտպանության նախարարի լուռ համաձայնությամբ թշնամուն հանձնվեցին նաև Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր շահեկան դիրքերը, որի արդյունքում մի շարք գյուղեր պարզապես հայտնվեցին թշնամու թիրախում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ