Հայկական կողմի վիրավորների թիվը հինգ է. Քննչական կոմիտե
2021թ. հուլիսի 28-ին` ժամը 03:30-ից 03:50-ի սահմաններում, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորությամբ, ՀՀ տարածքի մասն առանձնացնելու և զավթելու նպատակով, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինծառայողներ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների վարչական տարածքներում գտնվող Վերին Շորժա և Սոթք բնակավայրերի սահմանային հատվածում, բռնություն են գործադրել պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈւզինծառայողների նկատմամբ, որի ընթացքում երկու կամ ավելի անձանց սպանելու դիտավորությամբ, ազգային, ռասսայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, հրետանային և հրաձգային միջոցներից կրակ են արձակել ՀՀ ԶՈւզինծառայողների ուղղությամբ, գրավել են պահպանվող հենակետերից մեկը, որի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դավիթ Գառնիկի Քոչարյանը և Կորյուն Արայիկի Հարությունյանը ստացած հրազենային և բեկորային մարմնական վնասվածքներից մահացել են, իսկ պարտադիր ժամկետային հինգ զինծառայողներ, շարքայիններ ստացել են տարբեր աստիճանի հրազենային, բեկորային մարմնական վնասվածքներ:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունում ՀՀ քրեական 300.2-րդ հոդվածով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և 13-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնի վարույթ և ձեռնարկվում է նախաքննություն: