Ինչ էր դրված սպանված փոխոստիկանապետի սեղանին
Առ այսօր պատժից դեռ խույս տված մարդասպանի կրակոցներից 2009 թ. փետրվարի 3-ին իր բնակարանի դիմաց սպանված ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Մհերյանի աշխատասենյակի զննումը, ըստ “Աշխատասենյակի զննում կատարելու վերաբերյալ” 03.02.2009 թ. արձանագրության, սկսվել է նույն օրը ժամը 22:30-ին և ավարտվել փետրվարի 4-ին, ժամը 03:30-ին:
ՀՀ ոստիկանության վարչական շենքի 3-րդ հարկում գտնվող թիվ 333 աշխատասենյակի ընդունարանում տեղադրված գրասեղանի դարակներից, ի թիվս բազմաթիվ իրերի, հայտնաբերվել են 2009 թ. փետրվարի 3-ի տպագրության “168 ժամ”, “Առավոտ”, “Հայոց աշխար”, “Հայկական ժամանակ”, “Գոլոս Արմենիի”, “Հայաստանի Հանրապետություն” թերթերը, ինչպես նաև 6 հատ “Լիզա” ամսագիր: Բացի այդ, ամսագրեր են եղել նաև աշխատասենյակում գտնվող լրագրասեղանի ստորին հատվածում: Ոստիկանապետի տեղակալի աշխատասեղանին այլ իրերի թվում առկա է եղել նաև ականավոր քաղաքագետների մտքերի վերաբերյալ 5 գիրք:
Գ. Մհերյանի աշխատասենյակում գտնվող երկրորդ գրապահարանի ներքևի դարակում առկա են եղել երկու ամբողջական և մեկ կիսատ շոկոլադատուփեր, իսկ երրորդ պահարանի ներքևի դարակում` “Արամե” ապրանքանիշի կոնյակի բացված ապակե շիշ, որի փականը թեթև բաց է եղել, սակայն մուգ շագանակագույն հեղուկի պարունակությունն եղել է ամբողջական վիճակում:
Ա. Հովսեփյան