24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Միահամուռ կամքով, միասնությամբ ու հստակ գործողություններով փրկենք Արցախը. Կամո Աթայան

Սիրելի հայեր, Արցախի խնդրին ծանոթ ու դրա լուծմանն աջակցող աշխարհի քաղաքացիներ,

Արցախը, կամ ինչպես այն հայտնի է աշխարհում՝ Լեռնային Ղարաբաղը հայերով բնակեցված, հայկական բազմադարյա ներկայությունը հարուստ քարեղեն, գրեղեն վկայություններով հաստատած տարածք է, որը մոտ մի դար առաջ ԽՍՀՄ կուսակցական ղեկավարության կամքով տրվեց Ադրբեջանին: Կայսրության փլուզումից առաջ, 1988-ին սկսվեց արցախյան շարժումը, որի գլխավոր նպատակն Արցախը կրկին Հայաստանին միացնելն էր: Քանի որ այդ խնդիրը ԽՍՀՄ սահմանադրությամբ չլուծվեց, իսկ կայսրությունն արդեն փլուզվում էր, հռչակվեց Արցախի հանրապետությունը, որը շուրջ 30 տարի գոյություն ունի և սպասում է իր միջազգային ճանաչմանը: Այդ հիմնախնդրի լուծման նպատակով ստեղծվեց միջազգային հարթակ՝ ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա:

Տասնամյակների ընթացքում Արցախի հանրապետությունը զարգանում էր, ամրապնդվում էին նրա սահմանները, տարվում էր մտածված դիվանագիտական աշխատանք, նրա անվտանգության երաշխավորը ՀՀ-ն էր: Բոլոր միջազգային կառույցները՝ ՄԱԿ-ը, Մինսկի խումբ, միանշանակ գտնում էին, որ այդ խնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցություններով՝ առանց ուժի կիրառման. միջազգային հայտնի սկզբունքների և օրենքների տառին ու ոգուն համապատասխան:

Բայց Ադրբեջանը, որը հարուստ է բնական պաշարներով՝ մասնավորապես, նավթով, գազով, 1994 թվականից ի վեր, երբ կանգնեցվեց արցախյան առաջին պատերազմը, սկսեց ակտիվորեն զինվել՝ քանզի արդեն նորակառույց խողովակաշարերով նավթն ու գազը կարող էր հասցնել Եվրոպա ու այլ տարածաշրջաններ, և ստացած ահռելի գումարների մի մասը հատկացնել ամենաառաջնակարգ զինատեսակներով զինմանը: Այս ամենը տեղի էր ունենում ինչպես աշխարհի, այնպես էլ Արցախի խնդրով զբաղվող միջազգային կառույցների աչքի առաջ, ու ոչ ոք, բացի անհասցե, ամորֆ հայտարարություններից այլ կոնկրետ քայլ չէր կատարում: Նման իրավիճակն անխուսափելիորեն պիտի հասցներ պատերազմի, որը չուշացավ՝ այն սկսվեց 2020թ. սեպտեմբերի 27-ին ու, տևելով 44 օր, ավարտվեց Արցախի հանրապետության տարածքի 75 տոկոսի կորստով, և բազմահազար մարդկային զոհերով:

Պատերազմի ընթացքում Մինսկի եռանախագահության երկրներն առանձին-առանձին փորձում էին եռակողմ ձևաչափով կազմակերպել հանդիպումներ ու կանգնեցնել պատերազմը: Սակայն Ադրբեջանը լկտիացել էր բառիս բուն իմաստով, նա իրեն թույլ էր տալիս կատարել ամեն ինչ, այդ թվում հերթական ցեղասպանության ենթարկել Արցախի հայ բնակչությանը: Նման գործում նրան օգնում էր հայերի ցեղասպանության կազմակերպման մեջ մասնագիտացած մեծ եղբայրը՝ Թուրքիան, որը արցախյան այս պատերազմի լիիրավ մասնակիցն էր, ու նաև Ադրբեջանի տարածք բազմահազարանոց ահաբեկիչների բանակի ներկրողը: Եթե չլիներ ՌԴ-ի ակտիվ միջամտությունն, ապա հնարավոր է, որ այսօր Արցախի հանրապետությունը գոյություն չունենար, իսկ այն թեկուզ բզկտված, բայց գոյություն ունի 2000 քառ. կմ-ից ավելի տարածքի վրա, որը երկու անգամ ավելի փոքր է, քան նախկին ԼՂԻՄ-ի տարածքը:

Ինչպես նշվեց, ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն էր մոտ երեք տասնամյակ ու այդ դերը նա կատարում էր պատվով և պատասխանատվությամբ: Վերջին պատերազմում պարտվողը սակայն Արցախն ու Հայաստանն էին ու դա սպասելի էր, քանզի 2018-ին ՀՀ-ում իշխանության եկած ուժերն այդպես էլ հստակ որևէ մոտեցում չունեցան Արցախի հիմնախնդրի նկատմամբ ու այդ անորոշ վիճակից /ինչպես նաև աշխարհում հաստատված պանդեմիկ իրավիճակից/ օգտվեցին թուրք և ազերի գիշատիչ եղբայրները…

Սփյուռքում, Արցախում, Հայաստանում ապրող սիրելի և արժանապատվ հայեր, եկեք փաստենք, որ Արցախի վիճակն այսքան վտանգավոր ու աղետալի՝ համենայն դեպս վերջին 100 տարվա ընթացքում, երբևէ չի եղել, ու մեր բոլորիս աջակցության կարիքը Ղարաբաղն այդչափ չի զգացել: Ադրբեջանի բռնապետը հրապարակավ Հայաստանին արգելում է Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունն արտաբերել, նա անընդհատ պնդում է, որ նման հիմնախնդիր արդեն գոյություն չունի, նրա նպատակն Արցախը մեկուսացնելը, մենակ թողնելն ու իր սև գործը կատարելն է…

Եկեք թոթափենք մեզնից այն ամենն, ինչ վնասում է բազմիցս արդեն փորձարկված մեր ամրակուռ միասնությանը ու ամենքս մեր հնարավորությունների չափով զորավիգ լինենք Արցախին ու բառի բուն իմաստով ՓՐԿԵՆՔ ԱՐՑԱԽԸ կործանումից:
Այսօրվա մեր անգործության ու անտարբերության համար, մեզ ապրողներիս, վաղը սերունդներն արդարացիորեն կմեղադրեն ու կդատապարտեն…

Հ.Գ. Այս կոչ նամակ խնդրանքին ցանկացողները կարող են միանալ և հետագա կոնկրետ աշխատանքների իրականացման նպատակով կարող ենք ձևավորել խումբ:

Հեղինակ՝ Կամո Աթայան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ