17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ամերիկայից մինչև Արցախ. օրհնյալ է հերոսի ծնունդը

Դեռեւս կենդանության օրոք նա լեգենդար հերոս էր, ողջ հայության եւ արցախահայության անվերապահ սիրո եւ պատկառանքի խորհրդանիշ։ Այսօր մեր սիրելի Մոնթեի ծնունդն է :

Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, գալիս է Արցախ՝  մարտական գործողություններին մասնակցելու համար։

Սկզբնական շրջանում նրա գալն այնքան էլ ջերմ չընդունվեց։ Ամերիկահայ Մոնթեի նկատմամբ հավատ ու հույս չկար, նրա բնավորության որոշ գծեր անսովոր էին թե՛ հրամանատարների, թե՛ ազատամարտիկ տղաների համար, սակայն մի քանի ծանր ու դժվարին մարտերից հետո նա այնպիսի խիզախություններ ցուցաբերեց, երբ որ անհավանականը հնարավոր դարձնելու համարձակությամբ ապշեցրեց անգամ խորհրդային բանակի երկարամյա ծառայության փորձ ունեցող պրոֆեսիոնալ զինվորականներին։ Ճիշտ է, ծնունդով ամերիկացի էր, սակայն արյունով հայ էր ու իր ազգի հավատարիմ զինվոր։ 

Արցախի պաշտպանության ղեկավարությունը տեսնելով նրա խիզախությունները՝ 1992 թվի հունվարին Մոնթեին հանձնարարում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Նրա ղեկավարած ամենապատասխանատու եւ փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր, ուր մեկ անգամ եւս փայլեց Մոնթե հրամանատարի, զորավարի տաղանդը։

Ունենալով ընկալելու մեծ շնորհք ու հնարավորություն՝ նա ռազմի դաշտում աճում էր օրեցօր, եթե պետք էր՝ ուրեմն պետք էր գնալ այդ խելահեղ քայլին, այն բանը, որը խելամիտ մարդը չպետք է անի, նա անում էր, որովհետեւ, եթե չաներ, չէր կարող։ 

Մոնթեն որպես զորավար, սպա եւ հրամանատար՝ կայացավ դժվարին մարտերում, նա եւ՛ զինվոր էր, եւ՛ հրամանատար, ու եթե մի բան էր նախապատրաստում, տղաների հետ շարքում զինվոր էր ու առաջամարտիկ. ինչպես պատմում են նրա մարտական ընկերները, նա խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների եւ բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր խոչընդոտում էին իր ծրագրերը։ 

Մարտունեցիները պատմում են, թե Մոնթեն որքան հոգատար էր զինվորների նկատմամբ։ Ընկերները, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում՝ ինքը չէր վերցնում ոչինչ։ Հաճախ լվանալ էր տալիս ու ապա կարկատել իր հնամաշ հագուստները՝ նորից հագնելու համար։ Ու երբ մի անգամ կշտամբում էին, թե գոնե քրոջդ ուղարկած հագուստներից մեկը հագիր, հերիք է կարկատածները հագնես. ՛՛Այս անգամ է հագնեմ, հետո կփոխեմ՛՛։

Իր մարտական ընկեր Սլավիկ Հայրապետյանը պատմում է. ՛՛Արտասահմանյան զինվորական տաք բաճկոն էի ձեռք բերել, ուրախացած տարա, որ նա հագնի, որովհետեւ հագինը մաշված էր՛՛։ Մոնթեն կտրուկ մերժել է. ՛՛Չես ամչնար, Սլավիկ, տար դիրքերը տղաներին՛՛։

Սակավապետ, ամենաքչով եւ անգամ չեղածով գոհացող Մոնթեն նույնն ակնկալում եւ պահանջում էր բոլորից՝ հաճախ հարուցելով դժգոհություն։ Դժգոհում էին, բայց եւ ներքուստ ընդունում, որ խստությունն իրենց համար է, ընդհանուր հաղթանակի համար։ Հիշում է նաեւ երբ մի անգամ իրենից խնդրում է իր ծառայողական ՈւԱԶ մեքենան (Մարտունու ՆԳ բաժնի պետ եղած ժամանակ), որ դիրքերը գնա։

՛՛Խնդրեց նաեւ 10 լիտր բենզին, այդ ժամանակ անչափ դժվար էր։ Մեծ դժվարությամբ ճարեցի, լցրեցի մեքենան։ Այդ օրը շատ էին ռմբակոծում Մարտունին։ Ուզում էի երեխաներիս տանել Ճարտար։ Ավոն մերժեց մեքենան տալ, ասաց՝ մեքենան բանակինն է։ Նեղսրտեցի՝ մեքենան՝ իմը, վարորդը՝ իմը, բենզինը՝ իմը, չե՞ս տալի։ Զայրացավ՝ չէ, բանակինն է։ Ծխախոտ վառեցի։ Նկատեց նեղանալս ու սրտաշահ արեց՝ ՛՛Սլավիկ, երեխաները որ ոտքով քելեն՝ առողջարար է»։ Ծիծաղեցի՝ նեղությունս անցավ՛՛։

՛՛Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը՛՛,- Մոնթեի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու եւ ապա նաեւ՝ կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում։

Մոնթեն հավատում էր իր զինվորներին, մեր ժողովրդին, համոզում, որ պետք է կռվել, որպեսզի հաղթենք, առանց կռվի ոչինչ չի ստացվում թե մարտի դաշտում, թե թիկունքում։ 1993թ. հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը եւ դիրքավորելու իր մարտիկներին։

Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային՝ ներսը եւ շուրջը զինվորներ։ Մեքենայից իջնելով՝ Մոնթեն դիրքավորվելով՝ կրակահերթ բացեցին, առճակատ անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում է Մոնթեն։ 

Ետմահու արժանացել է Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման։ Նրա անունով է կոչվում ՀՀ ռազմական քոլեջը, Երեւանում եւ Ղարաբաղում նրա անվամբ կան դպրոցներ։ 

Երախտապարտ Արցախին նրա անունով են կոչել՝ Մարտունու շրջկենտրոնը վերանվանելով Մոնթեաբերդ, իսկ կենտրոնում կանգնեցված է նրա հուշարձան- կիսանդրին։ 

… Ամեն երեկո,
Դաշտից տուն դարձող
Մոնթեաբերդին
Հանդից քո բաժին
Ծաղիկն է բուրում 
Ու գրկիդ դնում…

 

Լուսանկարը՝ Էդգար Հարությունյանի

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ