26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ինչի՞ն ենք սպասում, որ Ալիևը վերջին խաչը հանի՝ վերջին եկեղեցո՞ւց». Լիլիթ Բեգլարյան

«Այս ընթացքում «Պատիվ ունեմ» դաշինքի անդամները գրեթե յուրաքանչյուր մարզում առնվազն 2 անգամ եղել են: Այսինքն՝ մեկ անգամ, մինչև մեր ծրագիրը ներկայացնելը, եղանք բոլոր մարզերում, ծանոթացանք մարդկանց խնդիրներին, որպեսզի մեր ծրագիրը թիրախավորված լինի: Այդ ամենի հիման վրա ներկայացվեց մեր նախընտրական ծրագիրը, որից հետո նորից եղանք բոլոր մարզերում, նաև՝ Երևանի վարչական տարածքներում, և այժմ էլ շարունակվում են այդ հանդիպումները»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Լիլիթ Բեգլարյանը՝ ընդգծելով, որ քաղաքացիներին ամենից շատ անհանգստացնում են անվտանգային հարցերը:

«Եթե որոշ ժամանակ առաջ մարդիկ ուղղակի անվտանգություն բառն էին պատկերացնում, հիմա իրենց մաշկի վրա ամենօրյա ռեժիմով դա զգում են։ Այսինքն՝ այս պահին, ցավոք, շատ շրջաններ ունենք, որ սահմանամերձ են դարձել, և տեղի բնակիչները դա իրենց մաշկի վրա զգում են, իրենք առավոտյան արթնանում են և տեսնում, որ մի քանի 100 մետր այն կողմ ադրբեջանցի զինվորն է կանգնած, Ադրբեջանի դրոշն է դրված: Նորմալ է, որ մարդկանց անհանգստացնող առաջին բանն այն է, որ իշխանության գան ուժեր, որոնք առաջին հերթին կկարողանան անվտանգային հարցերը լուծել, հետո մնացած հարցերի մասին խոսել»,- նշեց նա:
 Լիլիթ Բեգլարյանի խոսքով՝ գործող իշխանություններին չեն մտահոգում անվտանգային խնդիրները. «Եթե դա նրանց մտահոգեր, չէինք ունենա այն աղետալի իրավիճակը, որն այսօր ունենք երկրում: Ինձ համար նորմալ չէ, որ այն ուժը, որը ստորագրել է կապիտուլյացիայի հայտարարություն, ոչ միայն չի հեռանում իշխանությունից, այլև գնում է ընտրությունների, գնում է քարոզարշավի և բղավում է մարդկանց վրա, վիրավորում է: Դեռ մի կողմ, որ քաղաքականությունը շատ ցածր մակարդակի է հասցրել, բայց աբսուրդ փաստն այն է, որ նա իրավունք ունի 44-օրյա պատերազմից հետո, որը երկիրը հասցրել է աղետի եզրին, գնա քարոզարշավի և խոսի այլ բաների մասին: Բնականաբար, Փաշինյանը չի կարող խոսել անվտանգությունից, որովհետև առաջին անվտանգություն խարխլողը հենց իրենք են»:
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուն ընդգծեց. «Ես չեմ պատրաստվում հիմա պոպուլիստական հայտարարություններ անել և ասել, որ ամեն ինչ լավ է լինելու: Մեր երկիրն իսկապես շատ վատ վիճակում է՝ կործանման եզրին է, եթե այսպես շարունակվի, մենք ընդհանրապես կարող ենք մոռանալ ինքնիշխան Հայաստանի մասին: Դրա համար այս պահին ոսկե սարեր խոստանալն իրատեսական չէ, և ընտրողը դա հասկանում է: Մենք ասում ենք, որ դժվար է լինելու, բայց մեր ներկայացրած ծրագիրը, մեր ներկայացրած թիմը՝ այդ հավաքականության մեջ, ունակ է երկիրը դուրս բերել այս ճգնաժամային վիճակից: Միայն դա կարող ենք խոստանալ, որ ամեն ինչ անելու ենք, որպեսզի երկիրն այս վիճակից դուրս բերենք: Ես չեմ կարող նշել մի ոլորտ, որը գտնվում է բարվոք վիճակում, այսինքն՝ բոլոր ոլորտներում մենք ունենք խնդիր, ոչ ոք չի կարող գալ և այդ 2018թ. կախարդական փայտիկով (որը, պարզվեց, իրականում գոյություն չունի) գալ և ասել՝ գիտե՞ք՝ մեկ ամսում կամ երկու ամսում այդ խնդիրները լուծվելու են, երկար տաժանակիր աշխատանք է սպասվում: Առաջին հերթին՝ պետք է բանակցողը փոխվի, որպեսզի մեզ հարգեն դրսում, որպեսզի մենք կարողանանք բանակցել և ևս մեկ բան հետ բերել՝ սկսած գերիներից՝ վերջացրած սահմանազատումներով»:
 

Ինչ վերաբերում է ականապատ քարտեզների դիմաց գերիների վերադարձին՝ նա նշեց, որ իշխող ուժը գերիներին օգտագործում է՝ ըստ նպատակահարմարության. «Եթե մենք չունենք պետություն, որը զբաղվում է գերիներով, բնականաբար, այլ պետությունները պետք է փորձեն այստեղ դիվիդենտներ հավաքել: Մենք, իհարկե, շատ շնորհակալ ենք թե՛ ԱՄՆ վարչակազմից, թե՛ Վրաստանի կառավարությանը, բայց այստեղ հարց է առաջանում, որ Հայաստանը սարքել են աշխարհաքաղաքական խաղերի թատերաբեմ, զրկել են ինքնիշխանությունից, Հայաստանը ոչինչ ինքնուրույն չի կարողանում անել և, բնականաբար, այլ ուժեր են խառնում, գալիս են այստեղ՝ մի փոքր հարց են լուծում և դիվիդենտ են հավաքում: Ինչո՞ւ Հայաստանը չի զբաղվում այդ հարցով, եթե նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ կետ կա այդ մասին, ինչո՞ւ Կարմիր խաչը չի զբաղվում: Ուրիշ բան ասեմ՝ պատերազմից հետո այդքան աղաղակում էին, որ պատերազմից անմիջապես հետո պետք է ՅՈւՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելություն գա այստեղ, որպեսզի հասկանա մեր մշակութային ժառանգության նմուշները, և այլն: Քանի՞ ամիս է անցել պատերազմից, մենք ինչի՞ն ենք սպասում, որ Ալիևը վերջին խաչը հանի վերջին եկեղեցո՞ւց, կամ վերջին հայատառ փորագրությունը մաքրի և նոր սկսենք զբաղվել այդ ամենո՞վ»:

Հայաստանի Հանրապետական կուսակցությանն իրենց աջակցությունն են հայտնել միջազգային այնպիսի խոշոր քաղաքական ընտանիքներ, ինչպիսիք են Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI)-ը, Եվրոպական ժողովրդական կուսակցությունը: Անձամբ Լիլիթ Բեգլարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածել Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքը, որի փոխնախագահն է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածուն: Վերջինիցս հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված միջազգային նման աջակցությունը՝ Հանրապետական կուսակցությանը:

«Այս ամենը մեկ օրվա աշխատանքի արդյունք չէ, այս բոլոր հայտարարությունները ՀՀԿ տարիների շարունակական աշխատանքն է՝ մեր գործընկերների հետ: ԵԺԿ-ն Եվրոպառլամենտի ամենամեծ կուսակցությունն է, և մենք այս տարիների ընթացքում, թե՛ երբ իշխանության էինք, թե՛ 2018թ. հետո շարունակել ենք աշխատել իրենց հետ: Նույնը՝ CDI-ի մասով, որը համաշխարհային քաղաքական ընտանիք է, DEMYC-ը՝ երիտասարդական մակարդակով: Այսինքն՝ մենք այդ կառույցների հետ պարբերաբար աշխատել ենք, պարբերաբար մեր երկրի գործը մեր ուսերին ենք վերցրել և արել ենք: Այդ մարդիկ տեսել են մեր աշխատանքը և ի սատարումն՝ թե՛ հաջողություն են մեզ մաղթել, թե՛ իրենց աջակցությունն են հայտնել: Զարմանալի չէ, որ այս 3 տարվա ընթացքում գործող իշխանություններին որևէ աջակցություն, որևէ սատարում չեղավ որևէ երկրի կողմից: Գիտե՞ք՝ սելֆիները լավ են, գունավոր գուլպաներ հագնելը լավ է, բայց երբ չկա քաղաքական տեքստ, աջակցություն, բովանդակություն, այդ ամենը արդեն զրոյանում է: Միջազգային կառույցները, քաղաքական ընտանիքները ո՞ւմ վստահեն՝ մի ուժի, որ ոչինչ չի անում և միայն պոպուլիստական հայտարարություննե՞ր է անում, թե՞ մի ուժի, որը աշխարհաքաղաքական տարբեր բևեռներում ունի հավատարիմ գործընկերներ, որոնց հետ պարբերաբար աշխատում է»,- ի պատասխան՝ ասաց Լիլիթ Բեգլարյանը:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Ռազմիկ Մարտիրոսյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ