Մի քանի առանձնահատկություն
՛՛Մենք առաջինն էինք, որ պետք է անցնեինք այդ ճանապարհը, այսպիսի փորձ չկար, ինչը ենթադրում էր լուրջ աշխատանք՛՛,-այսօր Ազգային ժողովում ՀՀ-ի ԵՏՄ-ին միանալու պայմանագրի շուրջ լսումներին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ընդգծելով, որ թիրախը շարժական էր, այսինքն՝ հայկական կողմի ճանապարհային քարտեզը՝ միջոցառումների ծրագիրը հաստատվել էր. ՛՛Որպեսզի դառնար ՄՄ և ընդհանուր տնտեսական միության անդամ՛՛:
Փոխնախարարի խոսքով՝ հայկական կողմը, հաշվի առնելով շարժական թիրախի գաղափարը, հարց է բարձրացրել ԵՏՄ գործընկերների առջև: Արդյունքում փոխվել են մոտեցումները:
՛՛Մեր պայմանագիրը կոչվում է ոչ թե ԵՏՄ-ին միանալու մասին, այլ պայմանագիր ԵՏՄ-ի մասին պայմանագրին միանալու մասին: Մենք միանում ենք պայմանագրին, ինչո՞ւ, որովհետև եթե հարցադրում անենք, որ բուն միությանն ենք միանում, կասենք, որ այն գոյություն չունի, հետևաբար դա մեր առաջարկությունն էր, որ պետք է միանանք պայմանագրին, այ սա է առանձնահատկությունը՛՛,-ասաց Քոչարյանը:
Փոխնախարարը խոսեց առավելությունների մասին, որոնք լինելու են ԵՏՄ-ի պայմանագրին միանալու դեպքում.
՛՛Մենք ստացել ենք բազմաթիվ առավելություններ. ուշադիր հետևում էինք, որ մեր և Վրաստանի միջև ազատ առևտրի ռեժիմը հարցականի տակ չդրվի, ինչպես նաև ունենք մեր մյուս հարևան Իրանի հետ արտոնյալ պայմաններ՝ տնտեսական գոտու հետ կապված՛՛,-պարզաբանեց Քոչարյանը՝ հավելելով, որ պայմանագրով կֆիքսվի, որ մինչ 2011 թվականի հունվարի մեկը ստորագրված պայմանագրերն ու հուշագրերն իրենց ուժը չկորցնեն ԵՏՄ-ի պայամնագրին միանալու պարագայում:
՛՛Այսինքն՝ ԵՏՄ-ը չվտանգի մեր հարաբերությունները Վրաստանի հետ՛՛: ԱԳ փոխնախարարը խոսեց Եվրասիական բարձրագույն հանձնաժողովի մասին, որտեղ ամեն մի երկիր ունենալու է իր երեքական ներկայացուցիչը, սակայն Հայաստանն այդ հարցում փոխզիջման է գնացել՝ երեք անդամներն ունենալու են մեկ ձայն: ՛՛Եթե պարզ խոսենք՝ երկու պետություն փորձեն որոշում կայացնել առանց Հայաստանի, դա անհնար է՛՛,-նկատեց փոխնախարարը: