Վանոյի պաշտպանական ճա՞ռը
Վիրտուալ աշխարհում շարունակվում է գրող-հրապարկախոս Վանո Սիրադեղյանի պաշտպանության համար ստորոգրությունների հավաքումը:
Հիշեցնենք, որ այն նախաձեռնել է լրագրող, կինովավերագիր Վարդուհի Սիմոնյանը”Ֆեյսբուք” սոցցանցում` “ԵԼՔ” խմբում: Երեկ ստորագրել են արձակագիր Գուրգեն Խանջյանը, դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը, նկարիչ Հովհաննես Մարգարյանը, երիտասարդ գրող Արմեն Օհանյանը, աստղագետ Արեգ Միքայելյանը, “Գրական թերթի” գլխավոր խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը:
“ԵԼՔ”-ի մասնակիցներից յուրաքանչյուրը իր խոսքն է գրում: Henaran.am-ը շարունակում է ներկայացնել հետաքրքիր տեսակետները: Դրանցից մեկը բանաստեղծուհի Կարինե Աշուղյանինն է:
“Վանոյի ներկայությունը Հայաստանին այսօր չափազանց շատ է հարկավոր, այնքան, որ կարելի է հուսալ, թե իշխանությունով ներծծված ուղեղներով անգամ կկարողանան հասկանալ վիճակի լրջությունը, կանխատեսել, թե ինչ լիցքեր ու հույս, ինչ զարթոնք կարող է իր հետ բերել Վանոյի վերադարձը: Բարձր արվեստի, բարձր արձակի տիրույթում իրենց հաստատած, աշխարհը որպես Բառ եւ Հույզ ընկալելու շնորհները Վանոն եւ Վազգենը զոհաբերեցին պատերազմի, սովի, մեծ ու փոքր խառնակությունների թնջուկները հաղթահարելուն, մատաղ արեցին պետության եւ բանակի կայացման ծանր ժամանակներին: Բայց մեր ազգային ինքնասպանության կույր մի պահի` մեր ներքին թուրքը ոթեց Վազգենի արյունը: Հիմա, երբ ասպատակություններն իրենց լրումին են հասել ու պղծել անգամ թաքուն մնացած անկյունները, Վանոյի ներկայությունը կարող է օգնել փրկելու այն, ինչ դեռ մնացել է Հայաստանից”,-գրել է Կարինեն:
Նրա այս խոսքերը ցնծությամբ է ընդունվել “ֆեյսբուքստանում”, եւ ոմանք սա համարել են պաշտպանական ճառ: