Մահացել է “Հարսնաքարում” ծեծի ենթարկված բժիշկը
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Henaran.am-ին տեղեկացրին, որ հունիսի 29-ին, ժամը 19-ի սահմաններում մահացել է հունիսի 17-ին ծեծի ենթարկված ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ-կոկորդի բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր, 35-ամյա Վահե Ավետյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում, ԱԺ պատգամավոր հ Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ Վահե Ավետյանը:
Վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր էր, եւ նա մի քանի անգամ վիրահատվել էր: Ըստ բժիշկների` Վահե Ավետյանի մոտ գլխուղեղի դիսլոկացիա էր, կիսագունդը թեքվել էր դեպի մյուս կիսագնդի մեջ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Henaran.am-ը, հարուցված է քրեական գործ, կալանավորված է 6 մարդ: