Թուրքիայում վրդովված են Սպիտակ տանը հայ որբերի գորգի ցուցադրության կապակցությամբ

Ցեղասպանության հետևանքով որբ մնացած հայ մանուկների գործած գորգի ցուցադրությունը Սպիտակ տան այցելուների սրահում բողոքի ու դժգոհության առիթ տվեց թուրքական տարբեր շրջանակներում: Գորգը հյուսել են ԱՄՆ-ի օգնությամբ հիմնված որբանոցի հայ սաները և ի նշան երախտագիտության ԱՄՆ-ի ցուցաբերած մարդասիրական օգնության համար նվիրել էին նախագահ Քելվին Քուլիջին, գրում է Ermenihaber.am-ը:
Թեմային անդրադարձել է Աթաթուրքի անվան համալսարանի հայ-թուրքական հարաբերությունների ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Էրոլ Քյուրքչուօղլուն: Թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում պրոֆեսորը վրդովմունք է հայտնել գորգի ցուցադրման կապակցությամբ: Նրա համոզմամբ` այդ և նման այլ քայլերով հայկական աշխարհը պարզապես նախապատրաստվում է 2015 թվականի հակաթուրքական հզոր արշավին:
Քյուրքչուօղլուն, շարունակելով Անկարայի ավանդական ժխտողականությունը, դեռ մի բան էլ պնդում է, որ 2015-2016թթ. որբ էին ոչ թե հայ երեխաները, այլ` թուրք մուսուլմանները: Հայ որբերի գորգի ցուցադրությունը նա համարում է պատրվակ թուրքերի դեմ ոխ ու ատելություն սերմանելու համար:
Հիշեցնենք, որ հայ որբերի գորգը գտնվում էր Սպիտակ տանը, քանի դեռ Քուլիջը չէր թողել պաշտոնը, որից հետո այն նրա հետ միասին տեղափոխվեց Մասաչուսեթս: Գորգը սերնդից սերունդ է փոխանցվել եւ 1982 թ.-ին վերադարձել է Սպիտակ տան հավաքածու:
Ermenihaber.am