Նոր որոշում. պատվաստված եւ կանաչ անձնագիր ունեցող քաղաքացիները Հայաստան գալիս այլեւս ՊՇՌ թեստ չեն հանձնի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 6-ի նիստում փոփոխություն կատարեց Կարանտինի մասին որոշման մեջ:
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, ներչկայացնելով փոփոխությունները՝ նշեց. «Կորոնավիրուսի կանխարգելման նոր միջոցների ներդրումը հնարավորություն է տվել վերանայել մեր սահմանափակումների շրջանակը: Մենք ճկուն կերպով փորձում ենք ներդնելով պատվաստումային գործընթացը, դրան զուգընթաց նաեւ հետեւելով այլ երկրներում տեղի ունեցող արագ փոփոխություններին, թեթեւացնել կարանտինի մասին որոշման կետերը:
Այս նախագծով այն քաղաքացիները, որոնք կունենան պատվաստումը հավաստող կանաչ անձնագիրը, այսինքն երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետեւ մեր երկիր գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա: Այսինքն ՊՇՌ բացասական թեստը եւ կանաչ անձնագիրը հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ սա մեր երկիր մուտք գործելու պահանջն է. «Այլ երկրների քաղաքականությունը եւս փոփոխվում է ժամանակի ընթացքում եւ պետք է ուշադիր լինել, թե երկրից մեկնելու դեպքում տվյալ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում: Մենք դիտարկում ենք, որ որոշ երկրներ արդեն ունեն նման քաղաքականություն: Սրանով մեր քաղաքացիներին զերծ կպահենք ավելորդ հետազոտություններից եւ ֆինանսական միջոցներ ծախսելուց: Մեր կայքում մանրամասն ներկայացված է, թե ինչպես ներբեռնել հավելվածը եւ ինչպես օգտվել»:
Նրա խոսքով, այս փոփոխություններով նաեւ մինչեւ մեկ տարեկան երեխաների մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է. «Այսինքն եթե ընտանիքի անդամների մոտ արդյունքը բացասական է, ապա մեծ է հավանականությունը, որ մինչեւ մեկ տարեկան երեխան այլոց հետ չի շփվում եւ բացասական կլինի նրա թեստի արդյունքը»: