Ես սխալվեցի` կարծելով, որ նրա համար թանկ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանք․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ զրույցում անդրադարձել է 2018թ. ապրիլյան իրադարձություններին:
-Պարո՛ն նախագահ, «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»՝ այս արտահայտությունը երեք տարվա ընթացքում թևավոր է դարձել: Բոլորը, այդ թվում՝ ես, օգտագործում են այդ արտահայտությունը, և բոլորը, այդ թվում՝ ես, չեն հասկանում այդ բառերի իմաստը: Ձեր արտահայտությունն է: Ի՞նչ է նշանակում դա, վերջիվերջո:
– Ես կարող եմ բառացի մեջբերել ինչ-որ ասել եմ հարցազրույցում, թե դա ինչպես պետք է հնչեր իմ նախավերջին խմբագրումից հետո՝ շատ պարզ: Տեքստը հասկանալի է, ես ընթերցում եմ այդ հատվածը. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, երբ ասում էր, որ ամեն գնով, կրկնում եմ, ամեն գնով պետք է հասնի իշխանության: Ես սխալվեցի` կարծելով, որ նրա համար թանկ է Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանք»: Այս բարդ նախադասությունները ես պարզեցրել եմ՝ նկատի ունենալով հետևյալ հանգամանքը, որ թեև շատ պարզ չէր ասված, բայց կարող էր սա ավելորդ լարվածություն առաջացնել:
Ես գնացի նրա հետ հանդիպելու «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում: Իմ գործընկերներից շատերն ասում էին, որ պետք չէ գնալ նրա հետ հանդիպման, բայց ես կարիք ունեի անձնապես համոզվելու՝ իրո՞ք այս մարդը կարմիր գիծ ունի, թե՞ չունի: Եվ ես շատ կարճ րոպեների ընթացքում, կարճ ժամանակում համոզվեցի, որ, այո, նա ճիշտ է` նա պատրաստ է գնալ մինչև վերջ: Իսկ այդ վերջն ինձ համար շա՜տ վատ էր թվում, դիվային էր վերջը:
Այս էր ընդամենը:
– Դրանից հետո Նիկոլը ձերբակալվեց՝ «Մարիոթի» հանդիպումից հետո:
– Նա ձերբակալվեց 22-ին՝ ապրիլի 22-ին: Ես ենթադրում եմ, որ հարցը հետևյալն է` ինչո՞ւ ձերբակալեցիք, հետո ինչո՞ւ ազատ արձակվեց:
– Ուզո՞ւմ եք սպասեմ, պատասխանը լսեմ, նոր հարցը տամ: Եթե Ռադիոտնից հետո չձերբակալվեց, ապա ինչո՞ւ այդ հանդիպումից հետո ձերբակալվեց:
– Տարբերությունը շատ մեծ էր: Ռադիոտան ժամանակ նրանք սակավաթիվ էին, իսկ այդ ժամանակ արդեն բավականաչափ մարդ կար փողոցներում, և նրանք արդեն կարմիր գծերը հատել էին: Հենց դրա համար էլ ես չընդդիմացա իրավապահների որոշմանը: Ինքս իմ ներսում արդեն մտածում էի հրաժարականի մասին: Ուստի, մտածեցի, որ իրավապահների որոշումը, եթե ճիշտ է, և եթե դրանից հետո կարող էր հանդարտություն տիրել, ապա թող ձերբակալեն: Միևնույն է, ես ամսի 21-ի երեկոյան, 22-ի առավոտյան արդեն մտածում էի հրաժարականի մասին: Անկախ նրանից կհանդարտվեր, թե չէ, միևնույն է, ես հրաժարական էի տալու, որովհետև կային դրա համար պատճառներ: Ուստի, նորից եմ կրկնում, ես չընդդիմացա` մտածելով, որ եթե հանդարտվի՝ հանգիստ պայմաններում հրաժարական կտամ, չհանդարտվի՝ ուրեմն ով ինձ կփոխարինի, նա էլ նրան կազատի: