Հայաստանի մշակութային օրերը Հորդանանում
Հունիսի 24-30-ը Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում անցկացվեցին Հայաստանի մշակույթի օրերը:
Հայաստանի մշակութային օրերը մեկնարկեցին հունիսի 25-ին Ամմանի Մշակույթի Թագավորական կենտրոնում գեղագիտության մանկական կենտրոնի տնօրեն, արվեստագետ Արմենուհի Հարությունյան-Իգիթյանի կոլաժների ցուցահանդեսի բացումով: Այնուհետեւ նույն սրահի գլխավոր դահլիճում մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ մշակութային օրերի պաշտոնական բացումը: Բացման խոսքով հանդես եկան Հորդանանի մշակույթի նախարար Սալահ Ջառառը եւ Հորդանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը: Ելույթներից հետո ներկաներն ունկնդրեցին հայ անվանի երգահան, Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ռուբեն Ալթունյանի ղեկավարած ժողգործիքների խմբի եւ պատանի քանոնահար, միջազգային մի շարք մրցանակների դափնեկիր Նարեկ Կազազյանի ելույթները:
Հունիսի 26-ին հայ երաժիշտները Քարակ քաղաքի “Հասան” մշակույթի կենտրոնում հայ եւ հորդանանցի հանդիսատեսի ուշադրությանը ներկայացրին հայկական ժողովրդական ու ազգագրական երգն ու պարը: Նույն օրը Ամմանի Մշակույթի Թագավորական կենտրոնի կամերային դահլիճում տեղի ունեցավ Հորդանանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի “Հայ-արաբական պատմա-մշակութային հարաբերությունները” թեմայով դասախոսությունը` արաբերեն լեզվով: Դասախոսությունը լայն արձագանք գտավ Հորդանանի գիտական եւ մշակութային շրջանակներում, արտատպվեց հորդանանյան մի շարք լրատվամիջոցներում: Հորդանանի կենտրոնական հեռուստատեսությանը տված երկու հարցազրույցներում ՀՀ դեսպանն անդրադարձավ հայ-արաբական հարաբերություններին ու Հորդանանում մշակույթի օրերի անցկացմանը:
Հունիսի 29-ին Իրբիդ քաղաքի մշակույթի պալատում ՀՀ եւ Հորդանանի մշակույթի նախարարների ներկայությամբ տեղի ունեցավ Հորդանանում Հայաստանի մշակույթի օրերի պաշտոնական փակման արարողությունը, որին հետեւեց համերգ:
Հորդանանում Հայաստանի մշակույթի օրերը լայնորեն լուսաբանվեցին հորդանանյան տպագիր եւ էլեկտրոնային լրատվամիջոցների կողմից: Այդ թեմային տարբեր հրատարակումներով անդրադարձան մեկ տասնյակից ավելի ԶԼՄ-ներ: