Կենսաթոշակային բարեփոխումների կենտրոնում մարդն է. ֆինանսների փոխնախարար
“Բարեփոխումները լուծելու են ոչ միայն նոր սերնդի ապագայի հարցը, այլեւ ապահովագրելու են ներկա սերնդին այն խնդիրներից, որոնց այսօր բախվում է Եվրոպան”, -ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը քաղծառայողների իրազեկման նպատակով այսօր Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների ընթացքին նվիրված կլոր սեղան- քննարկմանն այսպես սկսեց իր խոսքը: Վարդան Արամյանը շեշտեց, որ իրականացվող կենսաթոշակային համակարգի կենտրոնում ոչ թե ֆինանսական շուկան է կամ տնտեսությունը, ինչպես փորձում են շատերը ներկայացնել, այլ մարդն` իր բարեկեցիկ ապագայով: Բարեփոխումները, նրա խոսքով, լուծելու են անհատին կենսաթոշակային տարիքի հասնելուն պես արժանապատիվ կենսաթոշակով ապահովելու խնդիրը:
Փոխնախարարը նկատել է, որ այսօր պետբյուջե հավաքագրվող եկամուտներից շուրջ 120 միլիարդ դրամը բաժին է ընկնում սոցվճարներին, մինչդեռ Հայաստանի շուրջ 460 հազար կենսաթոշակառուներին պետությունը մոտ 200 միլիարդ դրամի կենսաթոշակ է տալիս: Բարեփոխումները, ֆինանսական կայունությունից բացի, կապահովեն մի այնպիսի իրավիճակ, երբ թոշակառուի կենսաթոշակի չափը կախված չէ կառավարության չինովնիկի որոշումից: Կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում Հայաստանում կներդրվի եռաստիճան կենսաթոշակային համակարգ:
Հիշեցնենք, որ 2010 թվականին ԱԺ-ն ընդունեց համակարգում բարեփոխումների փաթեթը, որով Հայաստանը բաշխողական կենսաթոշակային համակարգից անցում կկատարի բազմաստիճան կուտակային համակարգի: 2011 թվականից գործում է կամավոր կուտակային համակարգը, իսկ 2014-ից կգործի պարտադիր կուտակային համակարգը:
Նշենք, որ այս կլոր-սեղան քննարկումը հանրային իրազեկման լայն քարոզարշավի սկիզբն է: