Իլհամ Ալիևը Շուշի է գնացել ոչ թե գրունտային ճանապարհներով, այլ Կարմիր շուկայով. Արիֆ Յունուսով
«Ռազմագերիներն օգտագործվելու են Ադրբեջանի համար ձեռնտու այս կամ այն հարցերով տորգում»,- «Հետպատերազմյան բանակցություններ. Ինչ են քննարկում և ինչի են ձգտում հասնել Երևանն ու Բաքուն» խորագրով տեսաքննարկման ընթացքում ասաց ադրբեջանցի կոնֆլիկտաբան, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը` անդրադառնալով հարցին, թե ինչու Ադրբեջանը չի վերադարձնում ռազմագերիներին:
Արիֆ Յունուսովի խոսքով՝ ռազմագերիների հարցում Ադրբեջանի դիրքորոշումը փոխվել է. եթե սկզբում Ադրբեջանն ու Հայաստանն ակտիվ փոխանակվում էին գերիներով, ապա դեկտեմբերին Ադրբեջանը կտրուկ փոխեց դիրքորոշումը, և գրավված տարածքների գերիները հայտարարվեցին ահաբեկիչներ, քանի որ գերության մեջ հայտնվեցին հայտարարության ստորագրումից հետո, և պարզ դարձավ, որ իրականում նրանք դարձան և դառնալու են տորգի առարկա հայկական կողմի հետ:
«Օրինակ, հասկանալի է, որ Իլհամ Ալիևը, ինչպես պաշտոնապես ասվեց, գրունտային ճանապարհներով չի գնացել Շուշի, այլ Կարմիր շուկայով, որը հայկական վերահսկողության տակ է: Այսինքն՝ հայկական կողմն այս կամ այն ձևով տեղեկացված է կամ գիտի դրա մասին, այսինքն՝ այնտեղ ինչ-որ բաներ են տեղի ունեցել նրա այցի հետ կապված: Չէ՞ որ պարզ է՝ նա հենց այնպես չի գնացել, պարզ է, որ նախապես բանակցություններ են ընթացել, լուծվել է նրա անվտանգության հարցը, այնտեղ նաև նրա տիկինն էր, փոխվարչապետ Մեհրիբան Ալիևան»,- նման ուշագրավ հայտարարություն արեց ադրբեջանցի վերլուծաբանը:
Անդրադառնալով լիբանանաբնակ հայ կին Մարալ Նաջարյանի վերադարձի մասին հարցին՝ Յունուսովն ասաց, որ լուրջ չի ընդունում վարկածը, որ լիբանանցի հայը ազատ արձակվեց միայն Մատվիենկոյի զանգից հետո․ըստ նրա՝ հասկանալի է, որ սրանք աննշան դերակատարում ունեցող հարցեր էին, որոշումները կայացնում էին բոլորովին այլ մարդիկ:
Յունուսովի դիտարկմամբ՝ պատահական չէր նաև այն, որ Ադրբեջանը հայտարարեց, թե ահաբեկիչ հայտարարված 30 անձի կհանձնի Կարմիր շուկայի դիմաց:
«Մի կողմ եմ թողնում բարոյական կողմը, ես խոսում եմ մեր բանակցային թեմայի մասին, քանի որ հակամարտության ընթացքում ընդհանրապես բարոյականությունը տուժում է, տեղի է ունենում պայքար կողմերի միջև իրենց շահերի համար: Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ ինձ համար այն, ինչ կա տարածաշրջանում, դրական է, քանի որ նախկինում ճահիճ էր: Բանակցություններ չկային, կար իմիտացիա, հիմա ինչ-որ բան տեղի է ունենում: Սա արդեն դրական է, պարզապես չգիտենք, թե դեպի ուր մեզ կտանի այս ամենը, քանի որ սկզբնական փուլում է»,- նման կարծիք հայտնեց Արիֆ Յունուսովը: