25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լրացուցիչ աճի հնարավորություն տնտեսության համար

Հայաստանում տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը (ՏՀՏ)  զարգացման մեծ ներուժ ունի և համարվում է  կառավարության կողմից սահմանված գերակա ոլորտ: Տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտը ստեղծումէ երկրի ՀՆԱի 5%-ըև անմիջականորեն  նպաստում է շատ բարձր հավելյալ արժեք ապահովող աշխատատեղերի կազմակերպմանը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հայտնել է իր պատրաստակամությունը մեծապես աջակցելու ոլորտի հետագա առաջընթացին, բարձրակարգ կադրերի պատրաստմանը և նոր ծրագրերի իրականացմանը: 

Մասնավորապես, նախատեսվում է հանրակրթական մասնագիտացված դպրոցներում ավագ դասարանների աշակերտներին դասավանդել ծրագրավորման, միկրոէլեկտրոնիկայի, կապի և հեռահաղորդակցության դասընթացներ, վերազինել դպրոցների լաբորատորիաները ժամանակակից սարքավորումներով, վերապատրաստել ուսուցիչներին, ինչպես նաև իրականացնել այլ կարևորագույն միջոցառումներ: 

Կրթական համակարգի այս միջոցառումները շատ կարևոր և արդիական են Հայաստանի համար, ընդ որում, պետք է նշել, որ դրանք արդեն լավ սոցիալական ու տնտեսական արդյունք են ապահովել աշխարհի ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող շատ երկրներում: 

Հայաստանի Հանրապետությունում այդ ուսումնական ծրագրերը կօգնեն բարձրակարգ մասնագետների պատրաստմանը և ՏՀՏ բնագավառը որակյալ կադրերով համալրմանը, ինչը իր հերթին կնպաստի մեր երկրում ամենաբարձր մակարդակի միջազգային ստանդարտներին համապատասխան ՏՀՏ ոլորտի զարգացմանը: 

Իսկ այդ հանգամանքը վճռորոշ խթան կհանդիսանա Հայաստանում նոր լայնածավալ ներդրումների իրականացմանը,  ոլորտում գործող և համաշխարհային մեծ ճանաչում ունեցող ընկերությունների մասնաճյուղերի բացմանը Հայաստանում, ինչպես նաև ոլորտի հայկական ընկերությունների կողմից առաջարկվող առավել բարձրակարգ ապրանքների ու  ծառայությունների արտահանման ծավալների մեծացմանը:  

Շատ կարևոր է ընդգծել, որ մասնավոր հատվածի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնլ կապիտալ ներդրումներով օժանդակել ոլորտի ընդլայնմանը: 

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ) և Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ)  հանդիսանում են մեր երկրում ՏՀՏ ոլորտի տեխնիկական մասնագետների պատրաստման ամենահին ու խոշոր հաստատությունները: Ոլորտում որակյալ մասնագիտական կրթություն առաջարկող հաստատություններից են համարվում նաև Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը (ՀՌՀ) և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան (ԵԿՏԱ): 

Հայաստանի Հանրապետությունում կրթական և, ինչու չէ, նաև մշակութային մեծ առաջընթաց կապահովի հանրակրթական մասնագիտացված դպրոցներում տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի հիմունքների դասավանդումը: 

Հայաստանի Հանրապետության բուհական համակարգի տեղեկատվական հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի դասախոսները իրենց ուսումնական ծրագրերն ու դասավանդման մեթոդները մշակում են ոլորտի արդի պահանջներին ու տնտեսության զարգացման ժամանակակից պայմաններին համապատասխան, միաժամանակ, օգտվելով նաև Եվրոպայի, Ռուսաստանի ու  ԱՄՆ-ի առաջատար համալսարանների ուսումնական ծրագրերից: 

Շատ դեպքերում ոլորտի բարձրակարգ ու ճանաչված շատ մասնագետներ հրավիրվում են ԲՈՒՀ-եր՝  ոլորտի զարգացման վերջին միտումներին ու պահանջներին համապատասխան կրթական ու ուսումնական ծրագրերը լրացնելու և ճշգրտելու համար: 

Հայաստանի ԲՈՒՀ-երում այս ոլորտում դասավանդող և ավելի քան  հազար մասնագետներ ներառող դասախոսական անձնակազմը մեծապես կարող է համատեղության կարգով դասավանդել նաև հանրակրթական մասնագիտացված  դպրոցներում, ինչպես նաև աջակցել մեր երկրում ոլորտի որակյալ ուսուցիչների որակավորման բարձրացմանն ու վերապատրաստմանը, մասնակցել այդ գործընթացների կազմակերպմանը: 

ՏՀՏ ոլորտի կրթական համակարգի առջև ծառացած հիմնական խնդիրը կրթական հաստատությունների մեծամասնության համար մինչև այժմ համարվել է ոչ բավարար ֆինանսավորումը, ինչը զգալիորեն պայմանավորված էր նրանով, որ  մասնավոր հատվածը գրեթե չէր մասնակցում կրթական ծրագրերի ֆինանսավորման գործընթացներին: 

Այսօր պետության կողմից իրականացվող լրացուցիչ օժանդակությունը և մասնավոր հատվածի ներդրումները հնարավորություն են տալիս արագ տեմպերով զարգացնել այս ոլորտի կրթական համակարգը, ինչը անմիջականորեն բերելու է լրացուցիչ տնտեսական աճի և հասարակության բարեկեցության բարձրացմանը:

 Տիգրան Խաչատրյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ