Էրդողանը պատասխանել է նոր նախագահական պալատը քննադատողներին
Թուրքմենստան կատարած այցից առաջ Էրդողանը մեկնաբանել է նախագահական նորակառույց պալատի թեմայով հնչած քննադատություններին: Վերջինս, հիշեցնելով, որ կառավարությունը մեկնաբանել է այդ թեման, ասել է. “Այս երկրում կան մարդիկ, ովքեր քարի վրա քար են դնում: Կան նաև մարդիկ, ովքեր չեն էլ երազում քարի վրա քար դնել: Վերջիններս մնացել են հին Թուրքիայում: Օզալը եկավ, մեկ-երկու ինքնաթիռ գնեց, քննադատվեց: Քննադատողներն իրենք օգտվեցին ադ ինքնաթիռներից: Եթե ուզում ենք քայլել ժամանակակից աշխարի հետ ու մրցունակ լինել, պետք է ինչ-որ բաներ անել”, գրում է Ermenihaber.am-ը:
Ըստ թուրքական “Աքհաբեր” լրատվական կայքի՝ Էրդողանը հայտարարել է նաև, որ արդեն նախկին նախագահական պալատը՝ Չանքայան, կծառայի որպես կառավարության նստավայր:
«Անկարայի կառավարության շենքի դիմացի մասը շենքին չի պատկանում: Միջոցառումներ անցկացնելու ժամանակ ստիպված ենք լինում փակել փողոցը: Դա հարիր չէ Թուրքիայի պես հսկայական երկրին: Այժմ Չանքայան կծառայի որպես կառավարության նստավայր»,- նշել է Էրդողանը:
Անդրադառնալով նոր նստավայրի կառուցման ծախսերի մասին մամուլում հայտնվող տարբեր թվերին՝ Էրդողանն ասել է, որ դրանք անհիմն են:
Նշենք, որ Թուրքիայում դժգոհության ալիք էր բարձրացրել նոր նախագահական նստավայրի (Աք Սարայ) վրա ծախսվող ահռելի գումարը:
Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը խորհրդարանում հայտարարել է, որ նոր նախագահական պալատի արժեքը կազմում է 1 մլրդ 370 մլն թուրքական լիրա (շուրջ 615 մլն դոլար): Թուրքական «Ջումհուրիյեթ» լրատվականը նկատել է տալիս, որ նոր նստավայրի միայն մուտքի սանդուղքների կառուցման վրա ծախսվել է 4 մլն դոլար:
Թուրքիայի նոր նախագահական պալատը հավակնում է լինել աշխարհում ամենամեծը: Ըստ զբաղեցրած տարածքի (300.000քմ)` Էրդողանի նոր նստավայրն այժմ առաջինն է աշխարհում: Երկրորդ տեղում Բրունեի սուլթանի նստավայրն է (200.000քմ):
Համեմատության համար նշվում է, որ օրինակ Անգլիայի Բուքինգհեմյան պալատը զբաղեցնում է 77.000քմ, Սպիտակ տունը` 55.000քմ, իսկ Կրեմլը` 25.000քմ տարածք:
Ermenihaber.am